Եթե արեւմտյան արտադրանքի դեմ Ռուսաստանի սահմանափակումները երկարաձգվեն, դա շահեկան կլինի Հայաստանի համար: Այսպիսի կարծիք է հայտնել «Macro-Advisory» խորհրդատվական ընկերության (Մոսկվա) հիմնադիր-գործընկեր Քրիս Ուիֆերը: Այդ ընթացքում Հայաստանի մատակարարները կարող են փորձել կապեր ստեղծել ռուսական մանրածախ առեւտրի ցանցերի հետ եւ ճանաչելի դառնալ ռուսական սպառողներին:

Ըստ նրա, եվրոպական արտադրողներն այդ ուղին վաղուց են անցել: Այդ պատճառով, եթե պատժամիջոցները սկսեն թուլանալ ավելի վաղ, ասենք՝ 2016 թվականի կեսերին, Եվրամիությունից մատակարարների համար դյուրին կլինի վերադառնալ ռուսական շուկա: «Ճանաչելիությունը շատ կարեւոր է, եւ շուկայի նորեկների, ասենք՝ Հայաստանի համար, դրան հասնելը հեշտ չի լինի»,- հավելեց Ուիֆերը:

Հարկ կլինի մրցակցել գնի առումով, իսկ դա դժվար կլինի՝ հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում հայկական դրամի նկատմամբ ռուբլու անկումը: Հայկական գյուղմթերքն ազգային արժույթի արժեզրկման կարիք կունենա: Պետությունը, ըստ Ուիֆերի, կարող էր հետեւել Ղազախստանի օրինակին, որը թուլացրեց տենգեն. չէ՞ որ Ղազախստանն այդ արեց ոչ միայն նավթի գների անկման պատճառով, այլ թիրախում ունենալով ռուսական շուկան:

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե որքան կտեւեն պատժամիջոցները, ապա ներկայում ակտիվորեն քննարկվում է հարցը, որ ԵՄ-ն նվազագույնը կսկսի մեղմացնել Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ Մինսկի երկրորդ համաձայնագրերի ներդրման հարցում թեկուզ փոքր-ինչ առաջընթացի պարագայում: Այդ դեպքում եվրոպական արտադրանքի դեմ պատժամիջոցները կմեղմացնի նաեւ Ռուսաստանը: Այդ պատճառով դժվար է ասել, թե որքան կտեւի ռուսական շուկայում ստատուս-քվոն»,- հավելեց նա:

Մյուս կողմից, Մոսկվան հիմա ձգտում է իր համար ներկրման նոր շուկաներ բացել, այդ թվում՝ քաղաքականապես մոտիվացված: Դա վերաբերում է նաեւ Թուրքիային եւ ԲՌԻԿՍ-ի երկրներին: Եվ, վերլուծաբանի համոզմամբ, պատահական չէ, որ վերջին տարվա ընթացքում Մոսկվայի խանութներում ավելի ու ավելի շատ ապրանքներ են հայտնվում Հարավային Աֆրիկայից:

Ամեն դեպքում, որքան Ռուսաստանն առաջ մղի ներկրման փոխարինումը, ավելի քիչ կձգտի խթանել ներմուծումն ու ավելի շատ՝ հենց Ռուսաստանում արտադրություն բացելու համար արտասահմանյան ներդրումները:

Իհարկե, Հայաստանy մեկ առավելություն ունի՝ Եվրասիական միության անդամ է: Իսկ դա նշանակում է, որ Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին արտահանման շահեկան պայմաններ է ստանում՝ անկախ Մոսկվայի քաղաքական օրակարգից կամ ներկրումը փոխարինելու նրա ծրագրերից:

«Եթե անգամ պատժամիջոցներից հետո Ռուսաստանը փորձի այս կամ այն կերպ սահմանափակել արեւմտյան երկրներից մթերքի ներկրումը, այդպիսի միջոցները չեն առնչվի Եվրասիական միության մյուս երկրների արտադրողներին, քանի որ միության հիմքում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքն է»,- ամփոփել է Ուիֆերը: