Air Canada ընկերության օդանավը, որը Թել Ավիվից Տորոնտո էր ճանապարհվում, ընհատել է թռիչքը հանուն շան անվտանգության։ Թռիչքի ժամանակ, երբ օդանավը մոտենում էր Ատլանտիկ օվկիանոսին, կապիտանը խնդիրներ է նկատել բեռների բաժնի ջեռուցման համակարգում։ Հանուն ուղեւորներից մեկին պատկանող ֆրանսիական բուլդոգի անվտանգության, որը ճամփորդում էր բեռների համար նախատեսված բաժնում, օդաչուն որոշել է փոխել օդանավի ուղղությունը եւ  վայրէջք է կատարել Մայնի Ֆրանկֆուրթում, հայտնում է Lenta –ն՝  վկայակոչելով CityNews–ը։

Գերմանական օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Սիմբա անունով շունը մեկ այլ օդանավով իր տիրոջ հետ շարունակել է ուղեւորությունը դեպի Կանադա։ Կենդանու տերը շնորհակալություն է հայտնել օդանավի կապիտանին ՝ թռիչքը ընդհատելու որոշման համար։

Ավիացիայի հարցերով փորձագետ Ֆիլ Դարբին նշեց, որ չնայած տասը հազար դոլարի լրացուցիչ ծախսին ու 75 րոպե կորցնելուն՝  օդաչուն ճիշտ ընտրություն է արել՝    վայրէջք կատարելով։    «Եթե դրսում ջերմաստիճանը մինուս 50 կամ 60 էր , ապա նույնիսկ հաշվի առնելով բեռների բաժնի ջերմամեկուսացումը ՝ այնտեղ ջերմաստիճանը զրոյից ներքեւ կիջներ։   Ընդ որում կապիտանը պատասխանատվություն է կրում օդանավում  գտնվող բոլոր ուղեւորների  կյանքի համար,   լինի դա մարդ, թե շուն »,– նշել է Դարբին։

Հայտնում են, որ անսարքությունները  վերացնելուց հետո օդանավը շարունակել է իր թռիչքը դեպի Տորոնտո։