Հնդկաստանում տարեց մի տղամարդ՝ Ֆայզուլ Հասան Քվադրի անունով, իր հողամասում Թաջ Մահալ դամբարանի փոքր կրկնօրինակն է կառուցել։ 80-ամյա թոշակառուն դրա համար ծախսել է իր բոլոր խնայողությունները՝ մոտ 170 հազար դոլար։ Հաղորդվում է, որ նա կրկնօրինակել է հայտնի շինությունը՝ ի հիշատակ իր մահացած կնոջ, ում հետ ապրել է 53 տարի, գրում է Lenta –ն՝ վկայակոչելով The Daily Mirror-ը։
Շինարարությունը տեւել է 3 տարի։ Այդ ընթացքում նա հասցրել է կառուցել 8 մ բարձրությամբ մինի Թաջ Մահալ, սակայն չի կարողացել ավարտել երեսպատումը, քանի որ բախվել է ֆինանսական խնդիրների։
«Մարդիկ ինձ ֆինանսական օգնություն են առաջարկել, սակայն ես հրաժարվել եմ։ Սա իմ անձնական հարգանքի տուրքն է հանգուցյալ կնոջս, եւ ես դա պետք է անեմ ինքնուրույն»,- նշել է Քվադրին։
Ագրայում գտնվող Թաջ Մահալ դամբարան-թանգարանի շինարարությունը տեւել է մոտ 20 տարի եւ ավարտվել 1653թ.։ Այն կառուցվել է Մեծ Մողոլների կայսրության փադիշահ Շահ Ջահանի հրամանով՝ ի հիշատակ նրա կնոջ՝ Մումթազ Մահալի, ով մահացել էր 14-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ։



























