Ղազախստանում բավականին անսովոր հարկ կարող են սահմանել. տեղի մահմեդական կազմակերպությունները առաջարկում են հարկեր գանձել սեքսուալ հաճույքների համար: Ընդ որում Ղազախստանի բնակիչները ստիպված են լինելու հարկեր վճարել ոչ միայն իրենց օրինական կանանց հետ սեքսի՝ այլեւ այսպես ասած «կողմնակի հաճույքների» համար: Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Ղազախստանի մահմեդականների միությունը (ՂՄՄ ) եւ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների մահմեդական կոմիտեն:

ՂՄՄ ղեկավար Մուրատ Թելիբեկովը Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ ինտիմ ոլորտի հարկման համակարգի մշակմանը մասնակցել են ղազախստանյան սեքսոլոգները ու երկրի առաջատար տնտեսագետները:

Ինչպես հետեւում է ՂՄՄ նախաձեռնությամբ մշակված փաստաթղթից, օրինական ամուսնության մեջ գտնվող յուրաքանչյուր բնակիչ ամեն անգամ իր կնոջ ննջարան մտնելու համար 584 թենգեի չափով հարկ պետք է վճարի: ԿԲ պաշտոնական փոխարժեքով դա մոտավորապես 143 ռուբլի է, փոխանցում է Informing-ը:

Իսկ չամուսնացած ղազախստանցիների համար սեռական հաճույքները ավելի քան կրկնակի թանկ կլինեն՝ յուրաքանչյուր արտաամուսնական սեռական հարաբերության համար առաջարկում են վճարել 1893 թենգեի չափով հարկ: Իրենց նախագծում ՂՄՄ անդամները հաշվի են առել նաեւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք սեքսի համար պետք է մյուսներից ավելի շատ վճարեն: Սեռական փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչների համար սեքսի հարկը կկազմի 2741 թենգե:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը նախատեսում է նաեւ «զեղչերի համակարգ»: «Ղազախստանի յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի ամսական բաժանորդագրություն կամ էլ 1 տարվա անցաթուղթ ձեռք բերել, ինչը թույլ կտա զգալի միջոցներ խնայել», պարզաբանում են նախաձեռնության հեղինակները:

Թելիբեկովը սահմանել է նաեւ սեռական ակտի տեւողությունը՝ բացառված չէ, որ իր սեփական փորձից: Նրա կարծիքով 14 րոպեն պետք է միանգամայն բավականացնի զույգին միմյանց սեռական պահանջները բավարարելու համար: Օտարերկրացիները պետք է հաստատված սակագներից կրկնակի շատ վճարեն, իսկ կենսաթոշակառուներն ու հաշմանդամները կազատվեն սեքսուալ հարկից: Արտասահմանցիների համար հիսուն տոկոսի զեղչ է նախատեսված այն դեպքում, եթե զուգընկերներից գոնե մեկը տիրապետում է պետական լեզվին:

Ընդ որում ՝ հարկերի վճարման վերահսկողությունն իրականացնելու համար նախագծի հեղինակները առաջարկում են նաեւ «սեքսուալ ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ» ստեղծել: Այդ ստորաբաժանումները իրավասու կլինեն «օրվա ցանկացած ժամի, առանց դատախազի թույլատվության մտնել տեղի բնակիչների տներ»:

Իսկ հարկերից ստացված գումարները նախաձեռնության հեղինակներն առաջարկում են ծախսել «ղազախստանցիների վերարտադրողական առողջության բարելավման, նաեւ սեռավարակների դեմ պայքարի համար»: