Գերմանիայում ամուսինն ու կինը, որոնք 8 տարի միասին են ապրում, որոշել են դիմել բժշկի, քանի որ երեխաներ չեն ունենում: Հետազոտությունից հետո մասնագետները զարմանքով պարզել են, որ զույգը երեխաներ չի ունենում շատ բնական պատճառով. նրանք  ամուսնական կյանքի ողջ ընթացքում ոչ մի անգամ սեքսով չեն զբաղվել:

Լուբեկի համալսարանական հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ նախկինում երբեք չեն լսել նման դեպքի մասին: Զույգը նրանց է դիմել մոտ մեկ ամիս առաջ՝ խնդրելով բժշկական հետազոտություն անցկացնել ու պարզել, թե ինչու իրենք երեխա չեն ունենում, հաղորդում է Ananova-ն:

Բժիշկները մի շարք հետազոտություններ են անցկացրել ու պարզել, որ ոչ ամուսինը, ոչ կինը որեւէ առողջական խնդիր չունեն, հաղորդում է NEWSru.com-ը:

Դրանից հետո նրանք ամուսիններին հարցրել են, թե հաճա՞խ են սեքսով զբաղվում: «Այս հարցով մենք նրանց փակուղու առջեւ կանգնեցրինք: Նրանք զարմացած նայեցին մեզ եւ հարցրին. «Ի՞նչ նկատի ունեք»,-հայտարարել են հիվանդանոցի ներկայացուցիչները:

«Այդ մարդիկ դաստիարակվել էին կրոնական միջավայրում, եւ ամուսնության 8 տարիների ընթացքում այդպես էլ չեն իմացել, թե ինչպես են լույս աշխարհ գալիս երեխաները»,-ասել են բժիշկները:

30-ամյա կինը եւ նրա 36-ամյա ամուսինը հիմա սեռական թերապիայի կուրս են անցնցում, իսկ կլինիկայի աշխատակիցները փորձում են պարզել, թե արդյոք կա՞ն նմանատիպ սեռական կրթությամբ ընտանիքներ: