Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտությունը կարող է դրական արդյունք տալ, եթե երկու երկրների հասարակությունները լայնորեն ներգրավվեն այդ գործընթացում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը: Ասուլիսը նվիրված էր հայ-թուրքական հաշտության ծրագրի առաջին փուլին, որը կոչվում է «Գործելով միասին»:
«Ինչպես հայտնի է, 2009-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեցին արձանագրություններ, որոնք արդյունավետ չեղան, եւ դուք գիտեք պատճառները: Մենք համարում ենք, որ քաղաքական մակարդակում կարեւոր է պահպանել շփումները: Վստահ եմ նաեւ, որ միայն դիվանագիտական ջանքերը բավարար չեն հաջողության հասնելու համար»,-ընդգծել է դեսպանը: Նրա խոսքով, զգացմունքները երեւի ամենաբարդ խոչընդոտն են հաշտության եւ երկու ժողովրուդդների շփման ճանապարհին:
«Ես կարող եմ ասել, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ, նաեւ Գերմանիայի եւ իսրայելի միջեւ հաշտության գործընթացներում շատ կարեւոր են շփումները հասարակությունների միջեւ: Դրանում է «DVV International» ծրագրի մոտեցումը: Նախագիծը կօգնի հավաքել երկու հասարակությունների երիտասարդներին ու երկխոսություն սկսել, զգալով պատմությունն անձնական, ոչ թե դասագրքային մակարդակով »,-ասել է դեսպանը:
Նա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները Հայաստանում եւ Թուրքիայում կնպաստեն ժողովուրդների մերձեցմանը: «10-ական մասնակիցներ են ընտրվել երկու երկրներից, եւ նրանք արդեն եղել են Գյումրիում, Թալինում, Էջմիածնում ու Երեւանում: Սեպտեմբերի 22-ին, Հայաստանում նախագծի վերջին օրն է: Երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ տարի՝ Թուրքիայում»,-հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ ծրագրի ֆինանսավորումը կազմում է 850 հազար եվրո:





























