Հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» նախագծի իրականացումը պետք է սկսվի Թուրքիայից, բայց երկրի ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս դա անել։ Այս մասին սեպտեմբերի 22-ին՝ հայ-թուրքական հաշտեցման «Գործելով միասին» ծրագրի առաջին փուլին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց DVV International կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մաթիաս Քլինգենբերգը։
Նրա խոսքով՝ նախագիծը բաղկացած է 5 հիմնական տարրերից։ «Առաջին բաղադրիչը աճող արխիվի գաղափարն է. արխիվային ցուցանմուշներ հավաքել այն վայրերից, որոնք մենք այցելում ենք ճանապարհորդությունների ընթացքում։ Այդ ամենը Ցեղասպանության եւ ներկայիս իրողությունների մասին պատմելու միջոց է։ Երկրորդ բաղադրիչը գրողներն են. Հայաստանից եւ Թուրքիայից 2-ական գրող ճանապարհորդությունների ընթացքում գրառումներ են կատարում, որոնք հետագայում գրքի հիմքում են լինելու»,- նշեց Քլինգենբերգը։
Երրորդ բաղադրիչը, նրա խոսքով, հրապարակային միջոցառումներն են, որոնք պետք է լինեն տարբեր ձեւաչափերով՝ դասախոսություններ, քննարկումներ, ներկայացումներ։ «Չորրորդ բաղադրիչը ճանապարհային ամսագիրն է (road map)։ Այստեղ հավաքված են բոլոր նյութերն այն մասին, թե ում հետ ենք մենք ծանոթացել, ինչ հանդիպումներ ենք անցկացրել։ Եվ վերջին բաղադրիչը պատմական տարրն է, բանավոր պատմությունը. մասնակիցները հանդիպում են մարդկանց հետ եւ խնդրում են պատմել իրենց ընտանեկան պատմությունները»,- եզրափակեց Մաթիաս Քլինգենբերգը։




























