ԱՄՆ Թեքսասի նահանգում դպրոցական Ահմեդ Մուհամմեդը, որին սխալմամբ կասկածում էին ինքնաշեն ռումբ ստեղծելու մեջ, հրավեր է ստացել այցելել ՄԱԿ գլխավոր գրասենյակը եւ հանդիպել օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ահմեդը ընտանիքի հետ Նյու Յորք կժամանի չորեքշաբթի, հայտարարել է ամերիկա-իսլամական կապերի Խորհրդի տարածաշրջանային բաժնի գործադիր տնօրեն Ալիա Սալեմը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Թեքսասի դպրոցներից մեկը պարապմունքներից հեռացրել էր 14-ամյա մուսուլման աշակերտին՝ նրան  կասկածելով ինքնաշեն ռումբ ստեղծելու  մեջ։

Ուսուցիչները ոստիկանություն էին կանչել, որը պարզել էր, որ մեխանիզմը, որը դպրոցում ռումբի տեղ էին դրել, իրականում ժամացույցի կոնստրուկցիա է. տղան փորձել էր ինքնուրույն ժամացույց հավաքել։

Միջադեպը լայն արձագանք էր գտել։ Ահմեդին աջակցություն էին հայտնել շատ հանրահայտ անձինք, այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գովաբանել էր գիտության նկատմամբ տղայի հետաքրքրությունը եւ հրավիրել էր այցելել Սպիտակ տուն։