Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2015թ-ի առաջին կեսին հասել է 4 տոկոսի` 2014թ-ի նույն ժամանակահատվածի համար արձանագրված 2.6%-ի եւ ամբողջ 2014թ-ի համար արձանագրված 3.5%-ի  համեմատ: Այս մասին նշված է «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» -ի զեկույցում:

Բոլոր խոշոր ոլորտները նպաստել են աճին, բայց առեւտրի ոլորտում 4.2% անկումը դանդաղեցրել է աճի տեմպերը ծառայությունների ոլորտում՝ կազմելով 1.8%՝ նախորդ տարի արձանագրված 3.7%-ի հետ համեմատ: Գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է աճի երկնիշ ցուցանիշ՝ 15.5%, իսկ  արդյունաբերության՝ ներառյալ շինարարության ոլորտում, ծավալն ավելացել է 3.7%-ով: Անդրադառնալով պահանջարկին՝ մասնավոր սպառումը եւ ներդրումների ծավալը նվազել են, մինչդեռ պետական սպառման ոլորտում գրանցվել է միայն չափավոր աճ: Զգալի զսպվել է արտաքին առեւտրի եւ ծառայությունների ոլորտում դեֆիցիտից առաջացող բեռը, քանի որ արտահանման ծավալները ավելի քիչ են նվազել, քան ներմուծման ծավալները:

Չնայած տարվա առաջին կեսին արձանագրված աճի բարձր ցուցանիշների՝ 2015 եւ 2016թթ-ի համար կանխատեսվող աճը նվազել է, քանի որ Հայաստանի խոշոր առեւտրային գործընկերների  խնդիրները շարունակում են նվազեցնել առեւտրի, դրամական փոխանցումների եւ ներդրումների ծավալները՝ այդպիսով թուլացնելով տնտեսական աճը:

Գյուղատնտեսությունը շարունակում է համարվել աճի հիմնական շարժիչ ուժը՝ արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների համեստ ներդրումների հետ միասին: Պահանջարկի առումով կանխատեսվում է, որ աճի ընթացիկ պատկերը կպահպանվի տարվա մնացած մասի համար՝ արտահայտված արտաքին առեւտրի եւ ծառայությունների ոլորտում ավելի մեծ դեֆիցիտով եւ ներդրումների ու մասնավոր սպառման ցածր մակարդակով:

2014թ-ի վերջում տեղի ունեցած արժույթի արժեզրկման կանխումը հապաղելու պատճառով 2015թ-ի առաջին 7 ամիսների ընթացքում միջին տարեկան գնաճը հասավ 5%` 2014թ-ի նույն ժամանակահատվածի համար արձանագրված 3.4%-ի եւ ամբողջ 2014թ-ի համար արձանագրված 3.0%-ի հետ համեմատ:

Հուլիսին արձանագրված 4.2% 12 ամսվա գնաճը մնում է Կենտրոնական Բանկի՝ 2.5%-5.5% թիրախային միջակայքում: Անկախ այս զարգացումներից, 2015 եւ 2016թթ-ի համար կանխատեսվող գնաճը մնում է անփոփոխ, քանի որ գյուղատնտեսության ոլորտում առաջարկի մեծ աճը, ցածր ներքին պահանջարկը եւ խիստ դրամավարկային քաղաքականությունը պետք է որ նպաստեն առաջիկա ամիսներին գնաճի նվազմանը:

Ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտը 2014թ-ին նվազել է մինչեւ ՀՆԱ-ի 7.3%-ը՝ 2013թ-ի 7.6%-ի համեմատ:

Ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրի դեֆիցիտի ոլորտում արձանագրված փոքր բարելավումը մասամբ չեզոքացվել է առաջնային եւ երկրորդային եկամուտների ավելի մեծ դեֆիցիտի հաշվին՝ արտացոլելով դրամական փոխանցումների անկումը: Հաշվի առնելով այս բարելավումը՝ ընթացիկ հաշվեկշռի կանխատեսվող դեֆիցիտը նվազել է 2015թ-ի համար, բայց անփոփոխ մնացել 2016թ-ի համար:

Ամբողջական զեկույցին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: