Բրիտանական Փորթսմութում տեղի է ունեցել խոշոր հակամիգրացիոն բողոքի ցույց, որի ֆոնին Գիլդհոլ Սքվերի հակառակ կողմում հավաքվել էին ռասիզմի դեմ ակցիայի մասնակիցները, հաղորդել է Express-ը։

Հանրահավաքը դարձել է վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ Մեծ Բրիտանիայում ծայրահեղ աջ խմբավորումների կազմակերպած մի քանի բողոքի ակցիաներից մեկը։
Հակամիգրացիոն ակցիայի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ ոստիկանական ավտոմեքենան վնասելու կասկածանքով։ Ինչպես Press Association-ի թղթակցին հայտնել է տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցը, տղամարդը քայլում էր հիմնական խմբից առանձնացած շարասյան կազմում այն բանից հետո, երբ նախորդ բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասն արդեն ցրվել էր։

Իրավապահ մարմինները հետևում էին Փորթսմութի կենտրոնում տիրող իրավիճակին, որտեղ խիստ հակամիգրացիոն քաղաքականության կողմնակիցներն ու հակառասիստական ակցիայի մասնակիցները հայտնվել էին միմյանց դիմաց։ Խմբերի միջև լայնածավալ բախումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Վերջին օրերին հակամիգրացիոն և ծայրահեղ աջ ակցիաներ են անցկացվում Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում։ Շաբաթ օրը նմանատիպ բողոքի ցույցեր տեղի են ունեցել նաև, մասնավորապես, Գլազգոյում և Նյուքասլում։





























