Եմենի հութիները հայտարարել են, որ ազատ են արձակվել իրենց ավելի քան 200 կողմնակիցների, որոնք պահվում էին Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի կալանքի տակ՝ վերջին օրերին գրավված տարածքներում, AFP գործակալությանը հայտնել է հութիների ներկայացուցիչ Աբդելքադեր ալ-Մուրթադան։
Նրա խոսքով՝ ազատ արձակվածները ռազմագերիներ էին և կալանքի մեջ անցկացրել էին մինչև ութ տարի։ «Մենք ընդունել ենք մեր 210 գերիներին, որոնք ազատ են արձակվել սաուդյան հակառակորդի բանտերից արևմտյան ափին», — ասել է ալ-Մուրթադան Սանայում կայացած համաժողովում։
Ազատ արձակվածներից մեկը՝ Մոհամեդ Ֆաուզին, AFP-ին պատմել է, որ երեք ամիս անցկացրել է կալանքի մեջ։ Նա ազատ արձակման պահն անվանել է «աննկարագրելի ուրախ»։
Ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հութիները սրընթաց հարձակմամբ առաջընթաց են գրանցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակա տարածքներում։ Հարձակման ընթացքում շարժումը հասել է զգալի տարածքային հաջողությունների Եմենի արևմտյան ափին։
Մայիսին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության և հութիների միջև ձեռք է բերվել ավելի քան 1 600 կալանավորվածների փոխանակման համաձայնություն։ Սակայն պայմանավորվածությունն այդպես էլ չի իրականացվել։
Կողմերի միջև գերիների վերջին խոշոր փոխանակումը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ ազատ է արձակվել շուրջ 900 մարդ. դա նմանատիպ ամենախոշոր փոխանակումն էր 2020 թվականի հոկտեմբերի գործարքից հետո, որի շրջանակում ազատություն էր ստացել շուրջ 1 000 կալանավորված։
Մինչ ներկայիս հարձակումը հութիներն արդեն վերահսկում էին հյուսիսային Եմենի զգալի մասը, ներառյալ երկրի ամենախիտ բնակեցված շրջաններն ու խոշոր քաղաքները՝ Սանան և Հոդեյդան։ Վերջին օրերին շարժումն ընդլայնել է վերահսկվող տարածքը՝ առաջ շարժվելով դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակա շրջաններ։





























