ԵԽԽՎ պատվիրակությունը Ադրբեջան կատարած այցից հետո խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«ԵԽԽ պատվիրակությունը ողջունում է Ադրբեջանի ղեկավարության բաց լինելու փաստը եւ առաջիկա ընտրական գործընթացի ընթացքին դիտորդություն կազմակերպելու հրավերը՝ ուղղված բազմաթիվ միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին»,- ասված է հայտարարության մեջ, գրում է ԱՊԱ-ն։
Փաստաթղթում ասվում է, որ մարդիկ, որոնց հետ պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանում նշել են, որ 5 տարի առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում առաջընթաց է գրանցվել, այդ պատճառով երկիրը չպետք է մեկուսացված լինի։ ԿԸՀ-ն նախընտրական առաքելությանը տեղյակ է պահել խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության տարբեր փուլերի մասին։
Համաձայն ԿԸՀ ներկայացրած տեղեկության՝ մինչ այժմ որեւէ բողոք չի ստացվել. «Խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ընդգծել են բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորություն (այդ թվում՝ ազատ ստորագրահավաքներ) ստեղծելու եւ հօգուտ իշխող կուսակցության վարչական ռեսուրսի չարաշահումը կանխելու անհրաժեշտությունը»։
Ընտրություններում հիմնական ընդդիմադիր կուսակցությունների հնարավորությունների բարձրացման համար ԵԽԽՎ նախընտրական առաքելությունը ողջունում է քաղաքական դաշինքի շրջանակներում համագործակցելու նրանց որոշումը. «Ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական կուսակցությունների համար հեռուստատեսությամբ եւ ռադիոյով անվճար եթերաժամանակ, ինչպես նաեւ պետական ֆինանսավորում ունեցող լրատվամիջոցներում անվճար տեղեր է սահմանում։ Այս տեսակետից ԵԽԽՎ պատվիրակությունը ընդգծում է մեդիայի ազատության եւ հրապարակայնության կարեւորությունը՝ բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու եւ գործընթացի թափանցիկության համար։
Ադրբեջանի ղեկավարությունը ԵԽԽՎ պատվիրակությանը վստահեցրել է, որ ընդունվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները ընտրությունների անցկացման թափանցիկության ապահովման համար»։
Պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի, արտգործնախարարի, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամների, քաղաքական կուսակցությունների ղեկավարների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։





























