Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը սրբադասել է 18-րդ դարի իսպանացի միսիոներ Խունիպերո Սերային՝ չնայած հնդկացիների բողոքին, որոնք կարծում են, որ Սերան նպաստել է Քալիֆորնիայի բնիկների բնաջնջմանը։

Պոնտիֆիկոսը բնիկ ժողովրդի ներկայացուցիչներից ներողություն է խնդրել գաղութարարների եւ առանձին միսիոներների արարքների համար, սակայն վստահություն է հայտնել, որ այնպիսի մարդիկ, ինչպիսին հայր Սերան է, պետք է սրբադասվեն իրենց բարեգործության համար, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Քալիֆորնիայում ապրող ցեղերի հնդկացիները հայտարարել էին, որ միսիոները իսպանացի գաղութարարներին օգնել է բնաջնջել Ամերիկայի բնիկներին եւ վարակել տարբեր հիվանդություններով, ինչպես նաեւ արգելել նրանց խոսել մայրենի լեզվով։

Խունիպերո Սերան Քալիֆորնիայի նահանգի տարածքում գաղութարարական համակարգի հիմնադիրներից մեկն է համարվում։ Նա պատմության մեջ առաջին իսպանացի միսիոներն է, որին պաշտոնապես դասել են սրբերի կարգին։