Արաբական հարուստ մի ընտանիք համաձայնել է 74 մլն դոլար վճարել աշխարհի ամենաթանկ տորթն ունենալու համար։ Տորթի միջուկը, որի խոհարարը 33-ամյա բրիտանացի դիզայներ Դեբի Վինգհեմն է, լի է իսկական ադամանդներով։ Տորթի արժեքը բարձրացրել են դրա մեջ դրված 4000 ադամանդները։

Տորթը իրենից ներկայացնում է պոդիում, որի վրայով քայլում են ֆոտոմոդելները, եւ որոնց գեղեցկությամբ հիանում են հանդիսատեսն ու լուսանկարիչները։ Տորթի վրա պատկերված մոդելների հագուստը, կոշիկներն ու անգամ սմարթֆոնները պատրաստված են մանրակրկիտ կերպով, հայտնում է Kedem-ը։

450 կգ քաշով եւ 1.8 մ երկարությամբ տորթի պատրաստման համար խոհարարը ծախսել է 150 կգ կրեմ, 60 կգ հատուկ շոկոլադ եւ 1100 ժամվա քրտնաջան աշխատանք։

Տորթի պատվիրատուն ԱՄԷ-ում բնակվող մի ընտանիք է, որը նվերը պատրաստել է դստեր ծննդյան եւ նշանադրության արարողության համար։