«Գլենդեյլ-Հիլզ» շինարարական կազմակերպությունը Գյումրիում վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո ուղեցույց է տարածել, որում խորհուրդներ է տալիս նորակառույց բնակարանների շահառուներին, թե ինչպես ապրեն իրենց տներում:

Ընկերությունը, մասնավորապես նշել է, թե ջրամատակարարման միացման համար անհրաժեշտ է, որ բնակիչները տեղադրեն ջրաչափեր, որոնք տրամադրվում են «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Գյումրիի գրասենյակում: Այն բնակիչները, որոնք անտեղյակության պատճառով ջրաչափերը ձեռք են բերել այլ աղբյուրներից, կարող են ջրաչափերի փոխհատուցման գումար ստանալ ընկերության գրասենյակից:

Ջրամատակարարումը սկսելու, ջրաչափերի տեղադրման համար ձեզանից որեւէ գումար չպետք է գանձվի:

Գազի, ջեռուցման համակարգի միացման համար անհրաժեշտ է դիմել «Հայռուսգազարդ» ՓԲԸ տարածքային ստորաբաժանում, որի հետ «Գլենդել իլզ» ՓԲԸ-ն կնքել է ձեր բնակարանների գազի եւ ջեռուցման համակարգերի միացման, փորձարկման, թողարկման վճարման պայմանագիր:

Բնակիչները պարտավոր են վճարել միայն գազի սպասարկման տարեկան կանխավճարը, որը կազմում է 5000 դրամ:

Ընկերությունը տեղեկացրել է, որ այժմ բնակիչների օգտագործած էլեկտրաէներգիայի համար վճարում է «Գլենդեյլ-Հիլզ»-ը: Ընկերությունը վճարել է նաեւ հաշվիչների եւ դրանց միացման գումարը: Եւ բնակիչները պարտավոր են մինչեւ սեպտեմբերի 1-ը դառնալ բաժանորդ, քանի որ դրանից հետո ընկերությունը չի վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց:

Նորակառույց շենքերում շինարարության ավարտից հետո կարող են առաջանալ ներքին հարդարման որոշակի թերություններ: Այդ պատճառով է, որ ընկերությունը հայտարարել է երաշխիքային սպասարկման ժամկետ, չնայած որ իրականացրել է իր կողմից պայմանագրային բոլոր պարտավորությունները: Բնակարանների շահագործումից ի վեր մեր ընկերությունը ստացել է 81 հեռախոսազանգ-դիմում` տարբեր տեսակի թերությունների վերաբերյալ, որոնցից 70-ը վերացված են, մնացածն ընթացքի մեջ են: