ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան հեռուստաալիքիներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կրեմլի պատերի մոտ ռուսաստանցի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը «մեր ժամանակակից պատմության մեջ ամոթալի էջ է»:
«Հանցագործները պետք է հայտնաբերվեն եւ պատժվեն: Գուցե դա միանգամից չի արվում, բայց մենք ունենք նաեւ նմանատիպ այլ հանցագործությունների օրինակներ: Ի վերջո, թեեւ հետաքննությունը բավական երկար է ձգվում, այն հանգում է իր տրամաբանական ավարտին»,-հավելել է ՌԴ նախագահը, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, նա մեկնաբանել է իր քննադատների կարծիքը, որոնք նշում են Ռուսաստանի ավտոկրատ լինելու, ընդդիմադիր գործիչների հետապնդումների ու սպանությունների, նախագահի իշխանության անբաժանելի լինելու մասին: Պուտինի խոսքով, ժողովրդավարությունը օրենքի համընդհանուր կատարումն է եւ այդ մասին ոչ ոք չպետք է մոռանա:
«Ինչ վերաբերում է այնպիսի ողբերգական բաների, ինչպիսին մարդկանց մահն է, այդ թվում լրագրողների, ցավոք, դա տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում: Բայց եթե դա տեղի է ունենում մեզ մոտ, մենք անում ենք ամեն բան՝ մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար»,-ընդգծել է ՌԴ նախագահը:




























