Ամերիկյան Ֆլորիդա նահանգում ոստիկանության աշխատակիցները բռնել են մի կապիկի, որը փոստարկղի վրա նստած՝ նամակներ էր ուտում: Այս մասին հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով CBS News -ը: Նշում են, որ տեղի իրավապահ մարմինները արդեն սովորել են պատասխանել ալիգատորների, արջերի, բադերի ու վայրի բնության այլ ներկայացուցիչների մասին ահազանգերին, սակայն կապիկին վերաբերող միջադեպը անսովոր էր նույնիսկ Սենֆորդի ոստիկանական բաժանմունքի համար:
Պատահարի վայր է ժամանել հինգ սպա, նաեւ Ֆլորիդայի ձկների ու վայրի բնության պահպանման հանձնաժողովի աշխատակիցները: Իրավապահները ոստիկանական ավտոմեքենայի օգնությամբ փակել են ճանապարհը ու փորձել են ջրով լի շիշ ցույց տալով կապիկին՝ համոզել, որ կենդանին դուրս գա մարդաշատ փողոցից: Այս մարտավարությունն արդյունավետ էր: Ի վերջո կապիկը հայտնվել է ոստիկանական մեքենայի վրա:
Որոշ ժամանակ անց սպաներին միացել են կենդանու տերը, ում հաջողվել է գրկել կապիկին: Պարզվել է, որ կապիկի անունը Զիկ է: Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Շենոն Կորդինգլին, ոստիկանական բաժանմունքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս միջադեպի մասին պատմությունը, քանի որ երկուշաբթի այս «պատմությունը հաճելի կլինի կարդալ»:




























