ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Կոմի հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Գայզերին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով:

Նախագահը ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Օլիմպստրոյ» լիկվիդացված պետկորպորացիայի նախկին նախագահ Սերգեյ Գապլիկովին, ով մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ կառավարության ապարատի ղեկավարի տեղակալ ու Չուվաշիայի կառավարության վարչապետի պաշտոնները:

«Եդինայա Ռոսիյա» կուսակցության ռեգիոնալ ղեկավարությունից «Կոմերսանտին» հայտնել են, որ չեն ճանաչում Սերգեյ Գապլիկովին, բայց վստահում են նախագահի ընտրությանը: Փորձագետներն էլ համարում են, որ ռեգիոնի գրեթե ամբողջ ղեկավարությանը ձերբակալելուց հետո «տեղի գործիչներից որեւէ մեկին նշանակելն անհնար էր»:

Կոմիի արդեն նախկին ղեկավար Վլաչեսլավ Գայզերը հետաքննության տակ է ՝ փողերի լվացման նպատակով հանցավոր միություն ստեղծելու գործով: Սեպտերմբերի 30-ին Քննչական կոմիտեն այս գործով բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացրել, հիշեցնում է «Իզվեստիյան»: