«Ազգ» թերթը թարգմանաբար ներկայացնում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Արմինյն միրոր սփեքթեյթր»-ի հոդվածը, որից հատվածներ ենք ներկայացնում:

«Հայերն աներկմտաբար ռուսամետ քաղաքականության կողմնակից են եղել, շատ անգամ հոժարակամ, բայց երբեմն նաեւ հակառակ իրենց կամքին:

Սակայն հաճախ այդ հավատարմությունը նման է եղել միակողմանի երթեւեկության:

Այսօր պատմական նշանակության որոշ հանգամանքներ դարձյալ Հայաստանի վզին են փաթաթում ռուսամետ մի քաղաքականություն, որը կովկասյան համընդհանուր կոնտեքստում կարիք ունի առավել օբյեկտիվ վերլուծության, քան ավանդական մոտեցումները, որոնք մինչ օրս գերիշխել են գնահատելու համար այդ հարաբերությունների շոշափելի արդյունքները:

Մեդվեդեւի մեկնումից հետո Հայաստանում որոշակի ոգեւորություն է նկատվում: Դա հիմնված է Ռուսաստանին վստահելու ավանդույթի վրա: Բայց ձեռագիրը հստակ է, եւ Հայաստանը պարտավոր է գերագույն օգուտ քաղել արդիական զենքերի այս հնարավորությունից` չեզոքացնելու համար Ադրբեջանի նավթադոլարային միջոցներով կառուցված բանակի ձեռնարկումները եւ պետք եղած դեպքում (եթե հանկարծ Ռուսաստանը դրժի իր խոստումները) հույսը դնել միայն իր զինված ուժերի վրա:

Ռուսաստանը կարող է իր «անգործությունը» պատճառաբանել` ասելով, որ Ղարաբաղը չճանաչված քաղաքական մի միավոր է, ուստի չի մտնում երկկողմ համաձայնագրի դրույթների մեջ: Անակնկալներն ամեն ժամի կարող են տեղի ունենալ: Հայաստանը չի կարող անգործության մատնվել որեւէ ագրեսիայի պարագայում: Այնպես որ եկեք վստահենք Ռուսաստանին, բայց առավել եւս վստահենք մեր սեփական ռեսուրսներին»: