Հնագետներն ու մարդաբանները պարզել են, որ ժամանակակից մարդու նախնիները քնի համար նույնքան ժամանակ էին ծախսում, որքան Երկրի այժմյան բնակիչները:
Մասնագետներն ուղեւորվել են Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի «վայրի էթնոսների» մոտ՝ իրենց հետ տանելով սարքեր, որոնք 28 օր շարունակ գնահատել են, թե որքան ժամանակ է մարդը քնում, որքան է քայլում, որքան է տեւում լուսային օրը: Հետազոտությունն անցկացրել են Բոլիվիայի չիմանե հնդկացիների, Տանզանիայի հաձա ժողովրդի եւ Նամիբիայի բուշմենների մասնակցությամբ:
Պարզվել է, որ բոլորն էլ գիշերային ժամերին անկողնում 6.9-ից մինչեւ 8.5 ժամ են անցկացրել, ընդ որում, հենց քնի համար 5.7-7.2 ժամ է ծախսվել, իսկ ձմռանը կամավորների մեծ մասը մեկ ժամ ավելի է քնել: Նշված ժողովուրդներից ոչ ոք անքնությամբ չի տառապել, նրանց լեզուներում նույնիսկ այդպիսի բառ չի եղել: Եվ, որ ամենակարեւորն է, նրանք չեն բողոքել քնի պակասից, ցերեկը քնատությունից, քնելու ուժեղ ցանկությունից:
Հնարավոր է՝ ժամանակակից մարդիկ նախաարդյունաբերական շրջանի մարդկանցից տարբերվում են ոչ այնքան քնի համար ծախսված ժամանակով, այլ քնի որակով: Մասնագետները ենթադրում են, որ կարեւոր գործոն կարող է լինել ջերմաստիճանը, եւ չի բացառվում, որ լավ քնի համար հարկավոր է սառեցնել ննջարանի օդը՝ գիշերային սառնություն ստանալու համար:





























