Հոկտեմբերի 19-ից սկսած Բելգիայի Վալոնիա ու Ֆլանդրիա մարզերի քաղաքամերձ գնացքների վարորդները երկօրյա գործադուլ են սկսել:
Երկաթուղու աշխատակիցները բողոքում են կառավարության ծրագրերի դեմ՝ որոնց համաձայն Բելգիայի երկաթուղային ճանապարհների ազգային միության աշխատակիցների թիվը մինչեւ 2019 թ. ներկա 34 հազարից կրճատվելու է՝ հասնելով 29 հազարի: Գործադուլավորների կարծիքով, դրա հետեւանքով կվտանգվի թագավորությունում երկաթուղային տրանսպորտի ցանցի գործունեությունը:
Գործադուլի հետեւանքով ամբողջովին կաթվածահար է եղել Լեժ, Նամյուր ու Լյուքսեմբուրգ նահանգների երկաթուղային հաղորդակցությունը :
Երկաթգծի աշխատակիցներից բացի, Լեժ նահանգում գործադուլ են հայտարարել նաեւ հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հրաժարվել են գործի դուրս գալ՝ բողոքելով կառավարության կոշտ խնայողության քաղաքականության դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Le Soir-ը:
Ավտոտրասնպորտային լոգիստիկայի ենթակառուցվածքի մոտավորապես 200 աշխատակից փակել է Բրյուսել-Լեժ արագընթաց մայրուղու մի հատվածը՝ դժգոհելով ճանապարհային խցանումների մասին վարորդներին տեղեկացնելու համակարգի՝ իրենց կարծիքով անբավարար մակարդակից:





























