Գուանչժոուի գիտնականները գենային ինժեներիայի օգնությամբ գերհզոր մկանունքով շներ են ստեղծել: Հետազոտության շրջանակում ՉԺՀ-ի մասնագետները աշխարհում առաջին անգամ հեռացրել են փորձաշների գեներից մեկը, որի արդյունքում Հերկուլես եւ Տյանգոու մականուններով շների մարմնում իրենց ցեղակիցների համեմատ երկու անգամ ավելի հզոր մկանային հյուսվածքներ են ձեւավորվել: Բացի այդ, կենդանիներն ավելի դիմացկուն են դարձել:  

Կենդանիներին ավելի ուժեղ դարձնելու համար գիտնականները հեռացրել են նրանց այն գենը, որը պատասխանատու է միոստատինի արտադրության համար՝ այն սպիտակուցի, որը ճնշում է մկանային հյուսվածքի աճն ու տարբերակվելը:  Դրա արգելափակումը հանգեցնում է  մկանային չոր զանգվածի նշանակալի ավելացման, ընդ որում ճարպային հյուսվածքն իսպառ բացակայում է, գրում է  Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ին:

Գիտնականները մտադիր են գենային ինժեներիայի մեթոդները հետագայում այնպես օգտագործել, որ շների մոտ մարդկային հիվանդություններ ձեւավորվեն, օրինակ՝ մկանային ձեւախեղում կամ Պարկինսոնի հիվանդություն: Տեսակների անատոմիական, ֆիզիոլոգիական կառուցվածքի եւ նյութափոխանակության նմանություններն այս դեպքում կօգնեն վերոհիշյալ հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդներ գտնել: 

Շների գեների շտկման համար օգտագործվել է  CRISPR-Cas9 մեթոդը: Դրա էությունն այն է, որ ԴՆԹ-ի մեջ երկթել ճեղքում է մտցվում: Ընդ որում, կտրվածքն արվում է այն տեղում, որը ծրագրավորվում է РНК փոքրիկ մոլեկուլի կողմից, որը ներմուծվում է բջջի մեջ: Այսպիսով՝ հնարավոր է հենց կենդանի բջիջներում կետային եղանակով խմբագրել գենոմները: