Առաջարկված սահմանադրությունում խորհրդարանական համակարգը բնորոշող հիմնարար դրույթը՝ հոդված 89-ը անորոշ եւ հեղհեղուկ ձեւակերպում է ստացել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պաըտգամավոր, նախկին արտգործնարար Վարդան Օսկանյանը։

«Մի պահ վերանալով սահմանադրական փոփոխությունների հետին նպատակների, օրինականության եւ նպատակահարմարության հարցերից եւ մնալով զուտ բովանդակային հարթության մեջ՝ կարելի է հաստատել, որ դեկտեմբերի 6-ին հայ ժողովրդի առջեւ դրվում է մեկ հիմնական հարց՝ մնալ այսօրվա գործող կիսանախագահական համակարգո՞ւմ, թե՞ անցնել ամբողջական խորհրդարանական համակարգի:

Դժբախտաբար առաջարկված սահմանադրությունում խորհրդարանական համակարգը բնորոշող հիմնարար դրույթը՝ հոդված 89-ը, այնպիսի անորոշ եւ հեղհեղուկ ձեւակերպում է ստացել, որ խորհրդարանական համակարգի անցնելու կամ չանցնելու մասին մենք կարող ենք իմանալ հանրաքվեից հետո սպասվող ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո:

Այլ կերպ ասած, խորհրդարանական համակարգի անցնելու կարեւորագույն այս հարցը փաստորեն որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը:

Օրինակ, ապագայում ընդունվող ընտրական օրենսգիրքը կարող է արձանագրել, որ «եթե խորհրդարանական ընտրության արդյունքում որեւէ կուսակցություն կամ դաշինք կայուն մեծամասնություն չի հավաքում, ապա առաջին տեղը գրաված կուսակցությանը կամ դաշինքին իրավունք է տրվում երկու շաբաթվա ընթացքում ձեւավորել կոալիցիա՝ հակառակ դեպքում անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու տեղերը գրաված կուսակցությունները կամ դաշինքները»: Դա կնշանակի, որ մենք փաստորեն անցել ենք ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի:

Ոչինչ չի խանգարում, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը նման դրույթ ամրագրի հետագայում ընդունվող ընտրական օրենսգրքում: Մինչդեռ իրական խորհրդարանական համակարգ կլինի այն դեպքում, երբ հենց սահմանադրության տեքստում ամրագրվի, որ եթե առաջին տեղը գրաված ուժը չի կարողանում նախատեսված ժամկետում կոալիցիա ձեւավորել, այդ իրավունքը տրվում է երկրորդ տեղը գրավածին, ապա երրորդ տեղը գրաված քաղաքական ուժին, իսկ այս բոլորի անհաջողության դեպքում արդեն անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ, որոնց մասնակցում են բոլորը:

Ահա սա է խորհրդարանական համակարգի տառն ու ոգին, որը բացակայում առաջարկվող սահմանադրության տեքստում»: