Մարդկանց մոտ երկու երրորդը, որոնք Facebook, Instagram եւ Snapchat (հաղորդագրությունների փոխանակման, լուսանկարների եւ տեսանյութերի տեղադրման հավելված) սոցցանցերում հաշիվներ ունեն, դիտավորյալ այնպիսի լուսանկարներ են տեղադրում, որոնց վրա նրանց կյանքը արկածներով հարուստ է թվում: Եվ դա իր արդյունքը տալիս է. մարդու առօրյա կյանքի եւ հանգստի վերաբերյալ նրա ընկերների ավելի քան 75%-ը դատում է՝ ելնելով սոցցանցերում նրանց էջերի պարունակությունից: Նման տվյալներ են ստացվել սմարթֆոն արտադրողներից մեկի իրականացրած հարցման արդյունքում:
Հետաքրքիր է, որ օգտատերերի 6%-ը ուղղակի կեղծում է լուսանկարի պատկերը՝ դրան հատուկ ծրագրերի միջոցով տարբեր բաներ ավելացնելով: Հարցվածների ավելի քան կեսը հայտնել է, որ տարբեր առարկաների եւ իրենց այցելած վայրերի լուսանկարներ են տեղադրում միմիայն ընկերների եւ հարազատների նախանձն առաջ բերելու համար, տեղեկացնում է «Աշխարհի շուրջը»:
Պահվածքի մասնագետ հոգեբան Ջո Հեմինգսի կարծիքով այդ միտումը զարմանալի չէ: «Այժմ մենք ապրում ենք վայրկենական հաղորդակցությունների աշխարհում: Լաքապատ ամսագրերն իրենց խորհուրդներով դուրս են մղվում սոցցանցերի կողմից, որտեղ իրար խորհուրդ են տալիս հավասար կարգավիճակ ունեցող մարդիկ: Լուսանկարները վայրկենապես հանրության սեփականությունն են դառնում, նրանց տեղեկացնում են, թե ինչ հագուստ են կրում իրենց ընկերները եւ ինչ են գնում հայտնի մարդիկ», - նշում է նա: Հոգեբանի խոսքերը հաստատում են հարցման տվյալները այն մասին, որ Instagram-ի նման ծառայություններից օգտվողների 76%-ն ինչ-որ իր գնում է սոցցանցում դա տեսնելուց հետո:




























