Իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան՝ Zara խանութների ցանցի հիմնադիրը, Forbes ամսագրի միլիարդատերերի վարկանիշի Real Time վարկածի առաջին հորիզոնականում է հայտնվել՝ շրջանցելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

The World's Billionaires Real Time վարկանիշի համաձայն, որը հաշվի է առնում արժեթղթերի փոխարժեքի ամենամյա փոփոխությունները, հոկտեմբերի 23-ի նոր առաջատարի կարողությունը կազմել է 79.7 մլրդ դոլար:

Վերջին մեկ օրվա ընթացքում 79-ամյա Օրտեգայի կարողությունն աճել է 5.2%-ով կամ 3.9 մլրդ դոլարով: 2015 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ, վարկանիշի երկրորդ տեղում Բիլ Գեյթսն է՝ 78.1 մլրդ դոլարով. նրա կարողությունը մեկ օրվա ընթացքում աճել է 572 մլն դոլարով կամ 0.7%-ով: Երրորդ տեղում ներգրող Ուորեն Բաֆեթն է՝ 64.4 մլրդ դոլար կարողությամբ:

Bloomberg (Bloomberg Billioners Index) գործակալության նույնատիպ վարկանիշում հոկտեմբերի 22-ին Օրտեգան երկրորդ տեղում է եղել՝ 75.7 մլրդ դոլար կարողությամբ, իսկ առաջին հորիզոնականում նախկինի պես Բիլ Գեյթսն է՝ 83.8 մլրդ դոլար կարողությամբ: