Քշիշտոֆ Հարամսան, որը հոկտեմբերի սկզբին հայտնել է իր նույնասեռականության մասին, Հռոմի պապին բաց նամակ է գրել, որում կաթոլիկ եկեղեցուն մեղադրել է հոմոֆոբիայի համար, գրում է  The New York Times-ը:

Հոգեւորականը կարծում է, որ եկեղեցին շատ նույնասեռականների եւ տրանսսեքսուալների կյանքը դժոխքի է վերածել: Եկեղեցին հետապնդել է նույնասեռականներին եւ նրանց ու նրանց ընտանիքներին «անչափելի տառապանքներ» է պատճառել:

«Գթասիրտ եղեք կամ գոնե հանգիստ թողեք մեզ:  Թող քաղաքացիական պետությունը մեր կյանքն ավելի լավը դարձնի», -ասված է նամակում: 

Ամսվա սկզբին Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդի գլխավոր վեհաժողովից առաջ 43-ամյա Քշիշտոֆ Հարամսան լեհական եւ իտալական լրատվամիջոցներին պատմել է, որ տղամարդու հետ հարաբերությունների մեջ է: 

Քշիշտոֆ Հարամսան անմիջապես հեռացվել է հավատի վարդապետության կոնգրեգացիայից, ինչպես նաեւ Պապական համալսարանից, որտեղ նա աստվածաբանություն էր դասավանդում: 

Լեհ հոգեւորականը նշում է, որ կաթոլիկ եկեղեցին պիտի ապահովի բոլոր կաթոլիկների ամուսնության իրավունքը, ինչպես նաեւ վերանայի նույնասեռականության վերաբերյալ իր հայացքները: «Եթե եկեղեցին չի կարող գիտական լուրջ խոհեր ձեւակերպել նույնասեռականության վերաբերյալ եւ դրանք ներառել իր ուսմունքի մեջ, ուրեմն նույնիսկ Հռոմի պապի բարեկամական վերաբերմունքը նույնասեռականներին դատարկ խոսք է», - ասել է հոգեւորականը:

Պարբերականը նշում է, որ ներկայումս Քշիշտոֆ Հարամսան Բարսելոնում է, որտեղ ապրում է իր զուգընկերոջ հետ: