Լուրերը, թե Գյումրիի շարժական գազանանոցի («Առյուծ» ԲԲԸ) հյուրախաղերը Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում ավարտվել են մարզի ոստիկանական բաժանմունքում, իրականությանը չեն համապատասխանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց շարժական գազանանոցի սեփականատեր Ցոլակ Վարդանյանի եղբայրը՝ Ստեփան Վարդանյանը, ով եւս մեկ այլ շարժական գազանանոցի սեփականատեր է։
Նրա խոսքով, սա ապատեղեկատվություն է եւ թյուրիմացություն։ «Ես երեկ խոսել եմ գազանանոցի աշխատակիցների հետ. նրանք հավաստիացնում են , որ նման բան չի եղել։ Խումբը հիմա էլ աշխատում է Ռուսաստանի Կեմերովոյի մարզում, ամեն ինչ նորմալ է։ Ոստիկանության կողմից նրանց ձերբակալելու մասին լուրերը սուտ են»,- ընդգծեց գազանանոցի սեփականատիրոջ եղբայրը։ Նրան չհամոզեց նույնիսկ այն փաստը, որ տեղեկատվության աղբյուրը ՌԴ Կեմերովի մարզի ոստիկանության պաշտոնական կայքէջն է։ Ստեփան Վարդանյանը, միեւնույն է, ասաց, որ նման բան չէր կարող պատահել, որ Ռուսաստանից ինչ-որ մեկը «շանտաժ է անում» իրենց։
Նա նաեւ տեղեկացրեց, որ շարժական գազազանոցն արդեն տասը տարի է, ինչ աշխատում է Ռուսաստանում, եւ ողջ այս ընթացքում որեւէ խնդիր ոստիկանության հետ չի ունեցել։ «Մարդիկ գնում, սեզոնին աշխատում են այնտեղ, հետո ձմռանը վերադառնում են Հայաստան՝ գարնանը կրկին վերադառնալու նպատակով»,- տեղեկացրեց Ստեփան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Կեմերովոյի մարզի ոստիկանության պաշտոնական կայքէջում նյութ էր տեղադրվել, որի համաձայն Գյումրիի շարժական գազանանոցի հյուրախաղերը Ռուսաստանի այդ մարզում անհաջող ավարտ են ունեցել: Բանն այն է, որ այնտեղ գազաններին հետեւելու էին եկել նաեւ միգրացիոն ծառայության աշխատակիցները, ովքեր ստուգումների արդյունքում պարզել էին, որ գազանանոցի 9 աշխատակիցները (բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ) Ռուսաստանում ապօրինի գործունեություն են ծավալել:
«Բացի այն, որ նրանք անօրինական են գտնվել Ռուսաստանի տարածքում, նրանք նաեւ աշխատանքային գործունեություն են ծավալել առանց դրա թույլտվությունն ունենալու»,- հայտնում է տեղի ոստիկանությունը:



























