Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեային ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի մասին «Ժամանակ»-ը զրուցել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Նազարյան, այլ երկրների եւ, մասնավորապես, համախանագահ երկրների հետ աշխատանքներ տարե՞լ եք՝ այդ բանաձեւի դեմն առնելու համար:
Դեռեւս հոկտեմբեր ամսին Հայաստանի ԱԳՆ-ի կողմից ստացված հանձնարարականի համաձայն՝ մենք հանդիպել ենք համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, նրանք էլ իրենց հերթին փորձել են անել ամեն ինչ՝ կանխելու համար Ադրբեջանի այդ քայլը, որովհետեւ դա վտանգում է ամբողջ գործընթացը, քանի որ բանակցություններում քննարկվող փաթեթից փորձ է արվում ներկայացնել ընտրովի բաղադրիչներ: Դա նշանակում է խանգարել կամ չեզոքացնել այն բոլոր ջանքերը, որոնք որ ներդնում են համանախագահ երկրները:
Բանաձեւն այժմ ի՞նչ փուլում է, ըստ ձեզ՝ հնարավո՞ր է դեռ ինչ-որ բան անել, թե՞ արդեն ուշ է:
Այստեղ շուտ եւ ուշ լինելու խնդիր չկա: Իհարկե, ինչպես ասեցի, ամեն մի անդամ երկիր կարող է ներկայացնել առաջարկ կամ բանաձեւի նախագիծ ՄԱԿ-ի ԳԱ, եւ Ադրբեջանը, կարծես, վերջնական է իր մտադրության մեջ: Այստեղ տարվում են քննարկումներ, բանակցություններ եւ ԱԳՆ հանձնարարականի համաձայն՝ հիմա բավականին ինտենսիվ գործում են մեր դեսպանությունները: Ընդ որում՝ ոչ միայն այս շրջանում, այլ դեռ հոկտեմբեր ամսից սկսած:
...Ձեր կարծիքվ՝ սեպտեմբերի 9-ի քվերկության արդյունքն ի՞նչ տեսք կունենա, արդյոք պատկերը նո՞ւյնը կլինի, ինչպես երկու տարի առաջ (նախորդ բանաձեւի ընդունման ժամանակ-խմբ.):
Այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել քվեարկության արդյունքները, բայցեւայնպես, մեր հանդիպումները ԳԱ անդամ երկրների հետ, իսկ մենք այստեղ բավական հանդիպումենր ենք ունեցել, ցույց են տալիս, որ հիմնական միտումը կպահպանվի: Այսինքն՝ երկրները ձեռնպահ են այդ նախաձեռնության կապակցությամբ, եւ միայն մի քանի երկրներ են՝ Իսլամական կոնֆերանսի անդամ, որ կաջակցեն Ադրբեջանին: Հուսանք, որ կողմ քվեարկողների թիվը առավել չի լինի, քան 2008-ին: Բայց այս ամբողջի վերջնական պատկերն, իհարկե, կերեւա սեպտեմբերի 9-ին:



























