Ֆրանսիայի պետական հեռուստաընկերության օդերեւութաբան Ֆիլիպ Վերդիեն հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ իր հրատարակած գրքում քննադատել էր քաղաքական գործիչներին եւ գիտնականներին գլոբալ տաքացման թեման ուռճացնելու համար։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian թերթը։

Նշվում է, որ France 2 հեռուստաընկերությունից Վերդիեին ազատել են Փարիզում գլոբալ տաքացման հարցերով ՄԱԿ կոնֆերանսից մեկ ամիս առաջ։ Անցյալ շաբաթ օդերեւութաբանը օնլյան տեսագրությամբ հայտնել էր իր պաշտոնանկության մասին եւ նշել, որ կատարվածը մամուլի խոսքի ազատության ոտնահարում է։

Վերդիեի գիրքը, որը կոչվում է «Կլիմայի հետազոտություն», լույս էր տեսել մեկ ամիս առաջ, որից հետո հեղինակը նամակ էր գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ ասել, որ կլիմայի փոփոխության հարցով կոնֆերանսը ոչինչ չի փոխի։ Իր տեսանյութում Վերդիեն քաղաքական գործիչներին, գիտնականներին, բիզնեսմեններին, կրոնական խմբերին եւ շրջակա միջավայրի պաշտպաններին մեղադրել է իրավիճակը չափազանցնելու մեջ։

France 2 հեռուստաալիքը հայտնել է, որ Վերդիեն խախտել է էթիկայի նորմերը. նա իրավունք չուներ հրապարակավ կարծիք հայտնել իր աշխատանքին վերաբերող հարցերի մասին։