Թուրքմենիայի Մարի քաղաքում ավարտին է մոտենում 3 հազար հոգու համար նախատեսված հսկայական յուրտի (բոլորաձեւ փայտե կառույցքի վրա հավաքած թաղիքե կոնաձեւ վրան) շինարարությունը, որտեղ կկայանան Մարի քաղաքը թյուրքախոս աշխարհի 2015թ. մայրաքաղաք հռչակելու եզրափակիչ միջոցառումները։

Ինչպես հայտնում է «Թուրքմենստան. Ոսկե դար» կայքը, յուրտը եռահարկ շինություն է՝ 70 մ տրամագծով եւ 35 մ բարձրությամբ, որը նախատեսված է 3 հազար  մարդու համար։

«Ընդհանուր առմամբ շինհրապարակում աշխատում է 250 բանվոր եւ ինժեներատեխնիկական անձնակազմ։ Աշխատանքներն ընթանում են շուրջօրյա»,- հայտնում է կայքը։

Նրա տեղեկություններով՝ երրորդ հարկում լինելու է ռեստորան, հանդերձարան եւ գրասենյակային տարածք։ Իսկ առաջին հարկում VIP-անձանց համար սենյակներ կլինեն։