Ընթացիկ տարում մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը շարունակաբար կրճատվում է: Ընդ որում, արտահանման եւ ներկրման անկման միջեւ հսկայական տարբերության պատճառով անհավասարակշռությունը զգալիորեն կրճատվել է: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին արտաքին առեւտրում բացասական սալդոն, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 720 մլն դոլարով կամ գրեթե 37%-ով: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, քանի որ ներկրման համար անհրաժեշտ դոլարի պահանջարկը նվազել է:

Հայտնի է, որ դոլարը համաշխարհային առեւտրում հիմնական հաշվարկային միջոցն է: Համարվում է, որ համաշխարհային առեւտրաշրջանառության ավելի քան 80%-ն իրականացվում է հենց այդ արժույթով: Պարզ է, որ առանց գնի եւ քանակության առումով հասանելի դոլարի ներկրողները դժվարություններ ունեն: Սակայն բոլորը՝ ե՛ւ ներկրողները, ե՛ւ արտահանողները, ե՛ւ մեր հասարակությունն ընդհանրապես, շահագրգռված են երկրում դոլարի փոխարժեքի կայունությամբ:

Նոյեմբերի 3-ի դրությամբ, 2 տարվա ընթացքում Հայաստանում դոլարն ամրապնդվել է ավելի քան 16%-ով: Դա կարելի է ձեռքբերում համարել, եթե հիշենք անցյալ տարվա դեկտեմբերին այս արժույթի հետ կապված իրավիճակը: Այդ ամսվա կեսերին՝ դեկտեմբերի 17-ին, դոլարի պաշտոնական փոխարժեքը գերազանցեց 527 դրամի շեմը: Ընթացիկ տարում մեր երկրում դոլարի դինամիկայում այդպիսի կտրուկ տատանումներ չկան:

Նշենք, որ Հայաստանի արժութային շուկան, ԱՊՀ մի շարք այլ երկրների հետ համեմատ, ավելի քիչ ցնցումների է ենթարկվել: Այսպես. հարեւան Վրաստանում նույն 2 տարվա ընթացքում դոլարն ամրապնդվել է 43.5%-ով, Ադրբեջանում՝ 33.7%-ով:

Ամենավատ ցնցումն ապրեց ռուսական ռուբլին, որը դոլարի հանդեպ «թուլացավ» 2.1 անգամ: Եվրասիական տնտեսական միության մեր մյուս գործընկերների մոտ՝ Բելառուսում եւ Ղազախստանում նույնպես այդ ոլորտում «ռեկորդային» ցուցանիշներ են արձանագրվել. դոլարն ամրապնդվել է, համապատասխանաբար, 1.9 եւ 1.8 անգամ: