Ավստրալիայում սեւամորթ ուսանողների մի խմբի վռնդել են  Apple խանութից՝ դա բացատրելով նրանով, որ «նրանք կարող են ինչ-որ բան գողանալ», գրում է The Independent թերթը։

Վեց երիտասարդ հայտարարել են, որ Մելբուրնում խանութի աշխատակիցը անվտանգության պատասխանատուից պահանջել է դուրս անել իրենց, որովհետեւ անհանգստացած էր, թե կարող են գողություն անել։  Ուսանողները նկարահանել են տեղի ունեցածը եւ դրել սոցցանցում։  Ներկայումս արդեն 50 հազար մարդ ֆեյսբուքում դիտել է այդ տեսանյութը։  

«Ինչո՞ւ պիտի ինչ-որ բան գողանանք»,- տեսանյութում հարցնում է երիտասարդներից մեկը։ Սակայն աշխատակիցն անմիջապես պատասխանում է. «Տղերք, էլ մի վիճեք։ Պիտի ձեզ խնդրեմ հեռանալ խանութից»,- տեղեկացնում է Gazeta-ն։

Ուսանողներից մեկը պարբերականին ասել է, որ ցնցված է եւ վիրավորված տեղի ունեցած միջադեպից, որը «ռասիստական երանգ» ուներ։

Մուհամեդ անունով մեկ այլ ուսանող ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պետք է վերջ դնել մարդկանց ըստ իրենց ռասայական արտաքինի դատելուն։ ԱՄՆ-ում դա հաճախ է տեղի ունենում, բայց այստեղ՝ Ավստրալիայում մենք դրա կարիքը չունենք»։

«Մենք հավատում ենք մարդկային հավասարությանը՝ անկախ ռասայից, տարիքից, սեռից, գենդերային կամ էթնիկ պատկանելիությունից, կրոնական եւ սեռական կողմնորոշումից։ Դա վերաբերում է ամբողջ աշխարհում մեր բոլոր ընկերություններին»,- ասված է Apple ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մելբուրնում տեղի ունեցածից հետո։  

Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին միջադեպը հետաքննվում է։