ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը սպառնում է հրապարակել այն մարդկանց անունները, ովքեր արդեն զանգահարում են ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր ներկայացուցիչներին ու փորձում ճնշել։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ հարցազրույցում։  Հանրաքվեի քարոզարշավի հավանական ընտրակեղծիքների եւ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ քաղաքացիների տրամադրվածության մասին ՀԱԿ պատգամավորի հետ NEWS.am-ի զրույցը ստորեւ։

Պարոն Մանուկյան, Սփյուռքի նախարար, ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հռետորական հարց էր հնչեցնում, թե որտեղ են այն հուժկու «Ոչ»-երը, որոնք պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ։ Որտե՞ղ են, պարոն Մանուկյան։

Ես այնքան կուրախանամ, որ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի, որ պետք չեն այս սահմանադրական փոփոխությունները, ես ուզում եմ տեսնել՝ ոնց են իրենք հինգ րոպեում տրանսֆորմացիայի ենթարկվելու եւ նույն արգումենտացիայով հաստատում, որ, այո, պետք չեն սահմանադրական փոփոխությունները։ Իրենք իրականության հետ բացարձակ կապ չունեն, հանձնարարություն են ստանում ու անում, դրա համար բացարձակ փնթի ու անհամոզիչ են։ Ես կարող եմ առաջարկել՝ գնան ցանկացած շուկա, ավտոկանգառ, տոնավաճառ, գյուղամեջ, եթե համարձակություն ունեն ու ժողովրդին հարցնեն, ժողովուրդը իրենց կպատասխանի։

Դուք ի՞նչ եք արձանագրել ձեր քարոզարշավի ընթացքում։

Մենք գնում ենք գյուղամեջ, որտեղ տարիքով, պարապ մարդիկ են, որոնք գործ չունեն, ինչը համատարած է Հայաստանում։ 20-ից մինչեւ 100 հոգու հետ հանպատրաստից հանդիպում ենք, զրուցում , ես մոտ 35 հանդիպում եմ ունեցել, այդքան էլ Լեւոն Զուրաբյանը, որը այլ տեղերում է քարոզարշավ անում, տարբեր ուղղություններով ենք գնում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց հետ խոսենք։ Աառաջին հարցը, որ տալիս եմ՝ որեւէ մեկը ասի՝ ով է «Այո» -ի կողմնակից ու եթե կա, հիմնավորի՝ ինչու են անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները։ Մոտ 35 հանդիպում եմ ունեցել, խոսել շուրջ  1200 քաղաքացու հետ, որոնք մեր մեր ակտիվ ներկայացուցիչները չեն, ի դեպ, չկա մեկը, որ ասի՝ կողմ է։

Պարոն Մանուկյան, իսկ նրանց թվում կա՞ մեկը, ով ասում է՝ դեմ է ու պատրաստակամ է գնալ արտահայտել քվեով։ Գաղտնիք չէ, որ շատ քաղաքացիներ թեեւ հայտարարում են՝ դեմ են, բայց չեն մասնակցում քվեարկության։

Դիտարկման հետ լրիվ համաձայն եմ, հիմա «այո»-ի, «ոչ»-ի խնդիր չկա, բոլորը «ոչ»-ի դաշտում են, ինչի մեջ տրամաբանության կա։ Նախ ասեմ, որ մարդիկ չեն կարդացել սահմանադրության նախագիծը, քանի որ չի բաժանվել նրանց։ Նախորդ սահմանադրական փոփոխություններին՝ 1995-ին եւ 2005-ին բաժանվել են։ Երկրորդ պատճառը, որ սա ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի իշխանության հետ, բոլորն էլ հասկանում են՝ ինչ եղավ Սերժ Սարգսյանին, որ հանկարծ բարիացավ ու ուզում է բարի գո՞րծ անել ժողովրդին եւ ադ բարի գործի համա՞ր է կաշառում մարդկանց, որ չեն հասկանում՝ լավ բան է, 5-10 հազար դրամ պիտի տա, որ քվեարկեն այդ լավ բանի օգտին։ Ծիծաղելի է, որ ասում են՝ իշխանություն է փոխվում, այսինքն՝ իրենք իրենց իշխանությո՞ւնն են փոխում։ Այս ամենին գումարվել է չմթերված վնասված բերքի հետ կապված զայրույթը։ Հիմնականում մարդիկ զայրացած են, որ մեկ տարվա բերքը փչացավ՝ խաղողը, վարունգը, խնձորը, մթերվեց ցածր գնով, մի մասն էլ գումարը դեռ չի ստացել։ Սրանք գումարվել են, որ «ոչ»-ը միանշանակ հաղթում է։

Իհարկե, այսքանով պետք չի ուրախանալ ու վերջնական եզրակացություն անել, որովհետեւ կա մի մեծ մասսա էլ, որը չի գնում ընտրություններին, քանի որ հոգնած է, հիասթափված ու զզված։ Եւ այս մասսան ասում է՝ չենք գա քվեարկության, քանի որ չեք կարողանա պահել ձայները, իշխանությունն էլ կեղծելու է։ Հիշեցնում են Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակները, որ իշխանությունը կեղծեց, ընդդիմությունը չկարողացավ պահել։ Սա իսկապես տարածված կարծիք է, որ իրենց դառը փորձից են ասում։ Մեր խնդիրը սա է՝ եթե կարողանանք մեկ անգամ էլ ոգեւորել ժողովրդին, որ գան քվեարկեն «ոչ»-ը, մենք կփորձենք էս անգամ պահել, դա կդառնա Սերժ Սարգսյանի իշխանության վերջը։ Այսինքն՝ խնդիրը, ոչ թե «ոչ» քարոզելն է, այլ որ քարոզի արդյունքում նրանք հասնեն քվեատուփի մոտ։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդդիմադիրների՝ ընտրակեղծիքների մասին պնդումներին հակադարձում է, ասելով՝ թող հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչներով խիստ վերահսկողություն իրականացնեն։ Միայն հանձնաժողովներով հնարավո՞ր է։

Այդ հայտարարություններով իրենք իրենց բացահայտում են։ Այ իշխանություն, եթե գնում ես արդար ընտրության, ինչո՞ւ ես ընդդիմության վրա դնում վերահսկողության խնդիրը։ Ասա՝ ես արդար ընտրություն եմ անելու, լինեք-չլինեք, ես ապահովում եմ արդար ընտրություն։ Իրենց ասածի ենթատեքստը սա է՝ ես կեղծելու եմ, դու էլ գնա բոլոր տեղամասերում փակի, որ ես չկեղծեմ։

Եւ հիմա հեգնում են, որ  չկարողացավ երկու հազար վստահելի համախոհ, կուսակից գտնել։ Իրականում ի՞նչն է խնդիրը, պարոն Մանուկյան։

Միայն 245 հանձնաժողովում չենք ներկայացրել եւ դիտավորյալ։ Դրանք այն տեղամասերն են, որտեղ քիչ ընտրող կա։ Մենք այլ ուժերի հետ էլ ենք համագործակցում, տեղեկություն փոխանցում՝ ով որտեղ է թույլ, ուժեղ, որտեղ՝ վտանգավոր։ Օրինակ, «ժառանգություն»-ը որոշ տեղերում թույլ է, որոշ տեղերում՝ ուժեղ, ՕԵԿ-ի հետ է հնարավոր որոշ տեղեկություններ փոխանակենք։

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն թեեւ «Այո»-ի ճակատում են, հայտարարում են, թե իրենք էլ վերահսկողություն կիրականացնեն, որպեսզի կեղծիքներ չարձանագրվեն կամ դրա մասին կբարձրաձայնեն։ Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանական ճակատում գտնվող ուժերը կեղծիքների մասին կբարձրաձայնեն։

Սա իրենց պատվի խնդիրն է, իրենք թող որոշեն՝ ինչպես վարվեն, կարող են լինել «այո»-ի կողմնակից, բայց արդար լինեն։ Շատ ուրախ կլինեմ, որ այդպես լինի, ով կլինի արդար, մերն է, ով՝ անարադար, մերը չէ։ Դժվարությունները այլ տեղ են լինելու, օրինակ, այն պահին, երբ ՀՀԿ-ի ներկայացուցիչը տալիս է երկու քվեաթերթիկ, քո հանձնաժողովի անդամը կարող է չնկատել, սա կարող է լինել կարուսելի հիմք, հնարավոր է եւ լինեն դեպքեր, որ չնկատի, չկարողանա վերահսկել։ Ամեն տեղամասում կարող է 70-80 ձայն կարուսելով աշխատել։ Կամ մեկը գալիս է ուրիշի փաստաթղթով, ներկայանում է ոչ թե իր անունով, այլ փաստաթղթի տիրոջ եւ գնում քվեարկության․․․ խախտման մեխանիզմներ կան, որին նրանք տիրապետում են, իսկ թե մերոնք որքանով կկարողանան վերահսկել, կփորձենք։

Քանի որ իրենք կեղծիքի առումով ռեսուրսների պակաս ունեն, չի բացառվում որ նաեւ մեր հանձնաժողովների անդամների վրա ճնշում գործադրեն։ Արդեն նման զանգեր կան, ես ուղղակի զգուշացնում եմ՝ մեր շտաբի ղեկավարներին մի զանգեք։ Դիմում եմ իշխանություններին, ՀՀԿ շտաբի ղեկավարներին, զերծ մնացեք նման բաներից, մեկ-երկու կհամբերեմ, հետո կհրապարակենք այն մարդկանց անունները, որոնցով դիմում են մեր հանձնաժողովի անդամներին։

 Զրուցեց Գայանե Սարիբեկյանը