Սիրիայի ապագան պետք է որոշի, առաջին հերթին, այդ երկրի ժողովուրդը: NBC հեռուստաալիքի փոխանցմամբ, թուրքական Անթալիայում անցկացված G20-ի գագաթաժողովի շրջանակում ունեցած առանձնազրույցի ժամանակ նման համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները:

«Նախագահ Օբաման եւ նախագահ Պուտինը համակարծիք են, որ Սիրիայում անցումային շրջանը պետք է տեղի ունենա Սիրիայի ղեկավարությամբ եւ կամարտահայտությամբ: Անցումային շրջանը պետք է ներառեն հրադադարը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի միջնորդությամբ սիրիական ռեժիմի եւ ընդդիմության միջեւ բանակցությունները»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

«Նախագահ Օբաման ողջունել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ բոլոր երկրների ջանքերը եւ նշել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ջանքերի կարեւորությունը:

Ուկրաինայի առիթով Օբաման հաստատել է Մինսկի համաձայնությունների լիարժեք իրականացմանն աջակցությունը՝ ներառյալ ծանր սպառազինությունների, օտարերկրյա զինվորականների դուրսբերումը, գերիների ազատ արձակումը եւ ուկրաինական կողմի վերահսկողությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների վերադարձը: Եվ վերջապես, նախագահ Օբաման խորը ցավակցություն է հայտնել ուղեւորատար ինքնաթիռի ողբերգության առիթով»,- ասված է հաղորդագրությունում:

Արտաքին քաղաքականության հարցերով Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով, Պուտինն ու Օբաման շատ մանրամասն են զրուցել:

«Իսլամական պետության դեմ պայքարի հարցում ռազմավարական նպատակները սկզբունքորեն նման են, տարբերություններ կան տակտիկայում»,- հայտարարել է նա: