ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացած երեխայի՝ Ումարալի Նազարովի մայրը՝ Զարինա Յունոսովան, որի նկատմամբ Պետերբուրգի դատարանը արտաքսման մասին որոշում էր կայացրել, կիրակի լույս երկուշաբթի գիշերը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե է մեկնել, հայտնում է FlashNord–ը՝ վկայակոչելով ԴՄԾ-ի Սանկտ Պետերբուրգի ու Լենինգրադյան շրջանի վարչությունում իր աղբյուրին:

Նշում են, որ այդ նույն օդանավով հայրենիք է ուղարկվել նրա հինգ ամսական որդու դագաղը: «Յունոսովան հայրենիք է մեկնել»,- ասել է աղբյուրը:

Պուլկովո օդանավակայանում մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Յունուսովան Դուշանբե է թռչել մոսկովյան ժամանակով 1:12-ին Somon Air ավիաընկերության չվերթով:

Ավելի վաղ Մարդու իրավունքների խորհրդից հայտնել էին, որ տաջիկ միգրանտների հինգ ամսական երեխայի մահվան առնչությամբ անհրաժեշտ է իրավական որակավորում տալ պետերբուրգյան ոստիկանության աշխատակիցների գործողություններին:

Հոկտեմբերի 14-ին Տաջիկստանի քաղաքացիներ Ռուստամ Նազարովի ու Զարինա Յունուսովայի հինգ ամսական որդին մահացել էր հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին ոստիկանության բաժանմունքից: Պետերբուրգի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ տղան մահացել է սուր թոքա-սրտային անբավարարությունից: