Վարկատուների քառյակի հետ Հունաստանի կառավարության բանակցությունները ավարտվել են Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ին, համաձայնության հասնել չի հաջողվել՝ դեռ տարաձայնություններ կան չսպասարկվող վարկերի ու պարտատուների միակ բնակարանը վաճառքից պաշտպանելու հարցերի շուրջ, լրագրողներին այս մասին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը Հունաստանի Ֆինանսների նախարարությունից:

Աղբյուրի խոսքով, վարկատուների հետ համաձայնեցվել են փոփոխությունները բանկերի կառավարման ոլորտում ու ֆինանսական կայունության հիմնադրամի դերը:

Բանակցությունների վերջին փուլը 17 ժամ էր տեւել, մինչ այդ հանդիպումը շարունակվել էր 14 ժամ ու ավարտվել էր գիշերվա ժամը 2-ին: Հերթական բանկցությունները կսկսվեն ժամը 14:00-ին: Մինչ այդ կկայանա կառավարության տնտեսական շտաբի խորհրդակցությունը վարչապետ Ալեքսիս Ցիփրասի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Հունաստանի տնտեսական քաղաքականության հարցերով կառավարական խորհուրդը հնարավոր էր համարում մինչեւ նոյեմբերի 14-ը վիճահարույց հարցերի շուրջ համաձայնության հասնելը:

Առանց բարեփոխումների ծրագրի կատարման վերաբերյալ քառյակի հետ համաձայնության՝ Հունաստանը չի ստանա վարկի հերթական տրանշը՝ 2 մլրդ եվրոյի չափով, նաեւ 10 մլրդ եվրոն՝ բանկերի ռեկապիտալիզացման համար: Եվրախմբի աշխատանքային խումբը հունական հարցը կքննարկի երեքշաբթի:

Հունաստանը պարտավորվել է տնտեսական ոլորտում իր բոլոր գործողությունները համաձայնեցնել վարկատուների հետ ու նրանց պահանջով բարեփոխումների ծավալուն ծրագիր իրականացնել: