Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացում կա ափալթափալության գործոն։ Այս մասին նոյեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ խորհրդարանի որոշ պատգամավորներ անգամ տեղյակ չեն, որ փաթեթը պետք է դրվի հանրաքվեի։ Սեդրակյանի կարծիքով տեղի է ունենում քաղաքական ռեալիթի շոու։ «Ձգտում են միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանում այդ գործընթացը շատ ավելի ժողովրդավար է ընթանում։ Գործընթացը կարող է թափանցիկ լինել, բայց նպատակը՝ շատ փակ»,- ասել է Սեդրակյանը։
Նա նաեւ հավելել է, որ չի կարելի խոսել այն մասին, թե փոփոխությունների նախագիծը լավն է, թե վատը։ Պետք է խոսել այդ փաստաթղթի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական կամքի մասին։
Հիշեցնենք, որ սահմանադրական հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին։





























