Լոռու մարզի Դսեղ գյուղում ուժեղ քամու հետեւանքով վնասվել են համայնքի բոլոր տների տանիքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Դսեղի գյուղապետարանից:

«Տուն չկա, որ տուժած չլինի, ֆերմաներն են տուժել, մանկապարտեզն է մեծ վնաս կրել, դպրոցը, բայց դպրոցի համար շատ չենք անհանգստանում, որովհետեւ կրթության եւ գիտության նախարարությունը պետք է վերանորոգի: Մենք էլ հիմա փորձում ենք գյուղացիներին օգնել, ինչով կարողանում ենք»,- ասաց գյուղապետարանից:

Ուժեղ քամին գյուղում ավերածություններ է արել նոյեմբերի 12-ին եւ 13-ին: Գյուղացիները, որոնք որեւէ ակնկալիք չունեն մարզպետարանից, իրենց սեփական ուժերով այս պահին վերանորոգում են տանիքները:

«Երեւանից գովազդային պաստառներ ենք ուզել, որ գոնե դրանցով փակենք տանիքները: Հակառակ դեպքում ձյուն կգա եւ վնասներն ավելի մեծ կլինեն»,- հայտնեցին գյուղապետարանից:

Հիշեցնենք, որ ուժեղ քամին մեծ ավերածություններ է արել Հանրապետության մի քանի մարզերում:

Լուսանկարները՝ Դսեղի բնակիչ Արթուր Հախվերդյանի