Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հովիկ Դավթյանը համոզված է, որ «Հեպատիտ Ց»-ի գործով մեղադրյալներ Վիրաբ Մանասյանին ու Արմեդա Վանեսյանին դատական գործընթացը չի խանգարի՝ աշխատանքը շարունակելու համար:

«Քանի չկա մեղադրական դատավճիռ, մենք ոչ մեկին աշխատանքից չենք հեռացնելու: Դատաքննությունը կսկսվի, ամեն ինչ կբացահայտվի, եւ եթե դատարանը որոշի նրանց գործունեությունը դադարեցնել, մենք դա կանենք: Ես իմ նախաձեռնությամբ Մանասյանին եւ Վանեսյանին աշխատանքից չեմ ազատի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովիկ Դավթյանը:

Նա մանրամասնեց, որ գործով մյուս երեք մեղադրյալները՝ ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը,  բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանը, աշխատանքից ազատվել են իրենց իսկ դիմումի համաձայն:

«Վարդան Ավագյանը մեկնեց վերապատրաստման, որից հետո այլեւս չվերադարձավ: Երվանդ Ավագյանը դիմում է գրել եւ դուրս եկել աշխատանքից, իսկ Նորա Կարապետյանը թոշակի տարիքում էր, այդ պատճառով աշխատանքից դուրս գալու դիմում է ներկայացրել»,- նշեց Հովիկ Դավթյանը:

Հիշեցնենք, որ «Հեպատիտ C»-ի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր  Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետևանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

5 բուժաշխատողներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: