Հակառակորդի կողմից 1.5 տարի առաջ հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն արդեն 4 ամիս է՝ բուժում է ստանում Գերմանիայում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեւորգի ընկերները հայտնեցին, որ բուժումը բարեհաջող է ընթանում:

«Ամեն ինչ լավ է, Գեւորգը շարունակում է բուժումը: Այս պահին չի քայլում, բայց բժիշկներն ասում են՝ քայլելու է»,- ասացին ընկերները:

Դեռեւս հայտնի չէ, թե Գեւորգը երբ կվերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Մոտ 4 տարի է՝ զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն արտասահմանում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար «Յունիբանկ»-ում բացվել էր հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով: Անհրաժեշտ 56 հազար ԱՄՆ դոլարից 43 հազարը հավաքվել էր հանգանակություններով: Մնացած մասը մայիսի 7-ին փոխանցել էին կառավարության անդամները: