Շիրակի մարզի Արեւիկ գյուղում այսօր՝ նոյեմբերի 16-ին, զինվորական կարգով հողին են հանձնել նոյեմբերի 12-ին հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա Վահե Վանոյանին:
NEWS.аm-ի հետ զրույցում Արեւիկի գուղապետ Գարեգին Ստեփանյանը նշեց, որ հուղարկավորությանը ներկա էին զինվորականներ, համագյուղացիներ, մարզպետարանի աշխատակիցներ: Վահե Վանոյանին հուղարկավորել են Արեւիկի իրենց ընտանեկան գերեզմանատանը՝ պապի կողքին:
Նշենք, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նախորդ օրը այցելել էր Արեւիկ, ներկա գտնվել Վահե Վանոյանի հոգեհանգստին, զոհված զինվորի ընտանիքին հանձնել «Մարտական ծառայության» մեդալը, որով նա հետմահու պարգեւատրել էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքայիններ Միքայել Թորոսյանը եւ Վահե Վանոյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով:































