Ադրբեջանում անհետ կորել է Նախիջեւանի բնակիչ, ձեռներեց Նազիմ Մահմուդովը:

Turan-ի փոխանցմամբ, նոյեմբերի 15-ին Թուրքիայից վերադառնալիս Սադարակի մաքսատանը ճնշել եւ նվաստացրել են ձեռներեցին: Մահմուդովի ազգականների խոսքով, մաքսատան բարձրաստիճան աշխատակիցը նրանից կաշառք է պահանջել կենցաղային սառնարանի օգտագործված 4 շարժիչի համար: Մահմուդովը պատասխանել է, որ հին շարժիչները կոպեկներ արժեն, իսկ պետության ղեկավարը մինչեւ 10 հազար դոլար արժողությամբ ապրանքների ներկրման թույլտվություն է տվել:

Ի պատասխան՝ մաքսատան աշխատակիցը Մահմուդովին մեղադրել է ռեժիմը խախտելու եւ աշխատակիցներին վիրավորելու համար, եւ համապատասխան արձանագրություն է կազմել:

Ընտանիքի անդամները դիմել են Նախիջեւանի ՆԳՆ-ին, որտեղ նրանց հայտարարել են, որ Մահմուդովն իրենց մոտ չէ: Պաշտոնական որեւէ այլ մարմին՝ ներառյալ Մաքսային կոմիտեն, չի կարողանում պատասխանել տեղի բնակչի գտնվելու վայրի մասին հարցին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում դեռեւս չի հանդարտվել ԱԱՆ-ի գործունեության հետ կապված սկանդալը: Պարզվել է, որ այդ համակարգը նույնպես զբաղվել է դրամաշորթությամբ եւ մարդկանց առեւանգմամբ: