Թուրքիայի համշենահայ կանայք հրապարակավ իրենց աջակցությունն են արտահայտել քրդերի կողմից հայտարարված ինքնավարությանը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով ‘Bestanuce1.com’ լրատվակայքը:
Աղբյուրի համաձայն` Ստամբուլում գործող համշենահայկական ՀԱՏԻԿ միության անդամ Էլիֆ Ալթունքայան իրենց հետ զրույցում նշել է, որ Սուրում, Ջիզրեում, Սիլվանում, Վարթոյում և այլ քաղաքներում հռչակված ինքնավարության կարիքն ամենաշատը զգում են սևծովյան ժողովուրդները և ասել. «Ծովի զավակներն ու լեռան զավակները, ձեռք ձեռքի տված պայքարելով, պետք է տեր կանգնեն ինքնավարությանը»:
Թուրքիայի Արեւելասեւծովյան շրջանում փորձում են ոչնչացնել համշենահայերի լեզուն, մշակույթը, գետերն ու յայլաները: Էլիֆ Ալթունքայան ընդգծել է, որ այդ պատճառով ինքնավարությունը հարմար ղեկավարման ձև կլինի առավելապես իրենց բնությանն ու լեզվին տեր կանգնած սևծովյան ժողովուրդներին:
Էլիֆը նաև հայտնելով, որ իր մայրենի լեզուն ու մշակույթն սկսել է հայտնագործել համալսարանական տարիներին, շեշտել է նաև, թե ինքն ազդվել է քուրդ ժողովրդի` ազատության համար մղած պայքարից:
Համշենահայ կինը նաև ասել է. «Քրդախոս ընկերներս պայքարում էին իրենց մայրենի լեզվի համար: Մեր տանն էլ էին մեկ այլ լեզվով խոսում: Մենք նախ այդ լեզուն ենք սովորել. ինչու՞ այն կրթության լեզու չլինի մեզ համար»:
Էլիֆը նշելով, որ այնուհետև Ստամբուլում բացվել է ՀԱՏԻԿ համշենահայկական միությունը (այն բացվել է 2011 թ.- Ակունքի խմբ.), հայտնել է. «Քրդերը ցույց տվեցին ինքնակազմակերպման նշանակությունը»:
Նաև շեշտելով, որ 1915 թ. Հայոց ցեղասպանության ահաբեկման քաղաքականության հետևանքները զգալի են եղել նաև համշենահայ քաղաքացիների վրա, նա նշել է. «Համշենահայերենը հայերենի բարբառներից մեկն է, և հայերը ենթարկվել են կոտորածի: Արդեն իսկ երկար տարիներ այդ ուղղությամբ որևէ պայքար չի եղել: Սակայն քրդերի պահանջներն ու պայքարը բոլոր ժողովուրդներին ցույց տվեցին, թե որքան կարևոր է ինքնակազմակերպումը: Ներկայում Սևծովյան շրջանը թալանվում է` առանց հաշվի առնվելու այնտեղի ժողովուրդներին: ՀԷԿ-երի նախագծերը, թեյի վրա դրված քվոտաները ցույց են տալիս տվյալ շրջանի ամեն մի բնակչի կենսապայմանների բարդացումը: Այսինքն` ինքնավարության կարիքն ամենաշատը մենք ունենք: Համշենցի քաղաքացիների լեզվի, մշակույթի և բնության պահպանման միակ ուղին ինքնավարությունն է: Քուրդիստանում հռչակված ինքնավարությունը պետք է օրինակ ծառայի համշենցի քաղաքացիների համար: Թուրքիայում օտար համարված ժողովուրդներն այլընտրանք չունեն` ինքնակազմակերպումից բացի: Մեր բնությանը և ինքնությանը տեր կանգնելու համար մենք ևս պետք է գցենք ինքնավարության հիմքերը»:





























