ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը սահմանադրական փոփոխությունների «Ոչ»-ի ճակատում է, կարծում է, որ «Այո եւ ոչ» ռեալիթի շոուն մասնակցող քաղաքացիները լսում են իրենց փաստարկները եւ դառնում են «Ոչ» -ի կողմնակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ռեալիթի շոուի արդյունավետությանը:

Շոուի մասնակիցներին ուղղված ընդդիմադիրների քննադատություններին Բագրատյանն արձագանքել է, որ նրանք քննադատում են, քանի որ չեն կարող մասնակցել ու փաստարկված խոսել «Այո»-ի դեմ: «Ես կարող եմ խոսել, ու կարծես թե կարողանում եմ «Այո»-ին լռեցնել»,-ասել է Հրանտ Բագրատյանը` հավելելով, որ եթե ուզենա, կրկին կմասնակցի շոուին:

Նա նշել է, որ մասամբ կարողացել է «Ոչ»-ի քարոզն իրականացնել շոուի միջոցով: «Ես առաջին անգամ ուղիղ եթերում ասել եմ «Ոչ»: Դուք լսե՞լ եք, որ 1918-20 թվականների հանրապետությունը կործանվել է պառլամենտարիզմից, սա ով պիտի ասեր, եթե ոչ Բագրատյանը: Դու լսե՞լ էիր, որ 193 պետությունից 120-ը նախագահական են: Սա ով պիտի ասեր, եթե ոչ պարոն Բագրատյանը: Ո՞վ պիտի կանգներ ասեր` սա սուտ է»,-նշել է Հրանտ Բագրատյանը: