Ֆրանսիայում տեղի ունեցած դաժան ահաբեկչություններից հետո Գերմանիայում հասունանում է ԻՊ-ի հանդեպ ունեցած վախը։ Հատկապես Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի այն հայտարարությունից հետո, թե ԻՊ-ը նոր հարձակումներ է պատրաստում Եվրոպայում։ Իսկ որքանո՞վ է իրական այդ վտանգը Գերմանիայի համար։ Այս մասին դատողություններ է անում Bild գերմանական պարբերականի հոդվածագիրը։
Գերմանիան զինվում է ԻՊ-ի դեմ. զրահաբաճկոններով զինված դաշնային ոստիկանները խստացրել են անվտանգության միջոցառումները Բեռլինի Գլխավոր կայարանում եւ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տերմինալներում։
«Գերմանիան միջազգային ահաբեկչության թիրախում է գտնվում»,- զգուշացրել էր ՆԳ նախարար Թոմաս Մազիերը։
Պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը իր հերթին նշել էր, որ անվտանգության ոչ մի 100 տոկոսանոց երաշխիք լինել չի կարող։
Գերմանիայում ահաբեկչության վտանգը վերջին 15 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա է, գրում է պարբերականը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Սիրիայի պատերազմից փախած ավելի քան 200 ջիհադականներ հաստատվել են Գերմանիանում։ Նրանք ռազմական հմտություններ ունեն, կարողանում են կռվել եւ պատրաստ են մեռնելու։
Գերմանիան ջիհադիստների թիրախում է, եւ խոսքը միայն երկրի տարածքում գործող կառույցների մասին չէ. արտասահմանում գերմանական ընկերությունները նույնպես պոտենցիալ վտանգի առաջ են կանգնած։ Այդ ռիսկը կարող է արտահայտվել ցանկացած պայթյունի կամ առեւանգման տեսքով, գրում է Bild-ի հոդվածագիրը։
Պարբերականը նշում է, որ հատկապես պետք է ուշադիր հսկողություն իրականացվի կայարանների ու օդանավակայաններ նկատմամբ։ Երկաթուղին հատկապես հարմար վայր է ահաբեկիչների գործունեության համար։ Դրանք այն վայրերն են, որոնք հատկապես խոցելի են այն առումով, որ միշտ մարդաշատ են եւ հրավիրում են հասարակության ուշադրությունը։
Եվ չպետք է մոռանալ, որ առջեւում Սուրբ ծննդյան տոներն են, որոնց ժամանակ ավելի քան 2500 տոնական շուկաներ են գործում, որոնք միշտ մարդաշատ են, եւ որոնց անվտանգությունը հեշտ չէ ապահովել անգամ սովորական պայմաններում, եզրափակում է հոդվածագիրը։





























