Նախագահական նստավայրի դարպասների ճաղավանդակներից ներս թռուցիկներ նետելուց հետո այսօր՝  նոյեմբերի 16-ին բերման ենթարկված՝  «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնության երկու անդամներն ազատ են արձակվել:

«Պատճառաբանեցին, որ տարել են նախագահականի դարպասներից ներս թռուցիկ շպրտելու համար: Մոտ երեք ժամ պահեցին, բայց արձանագրություն չկազմեցին»,- ասաց բերման ենթարկվածներից Վարազդատ Բարսեղյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզին գների իջեցման համար պայքարող նախաձեռնության անդամներից երկուսը բերման են ենթարկվել ՝ իրենց առաջիկա երթի մասին իրազեկող՝ կարմիր քարտի տեսքով թռուցիկները նախագահական նստվայարի դարպասների ճաղավանդակներից ներս նետելուց հետո:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ տղաները բերման են ենթարկվել կասկածելի իր նետելու կասկածանքով, ոստիկանության բաժնում նրանք պարզաբանել են, որ թռուցիկներ են նետել:

Նշենք, որ նախաձեռնության երթը տեղի կունենա նոյեմբերի 23-ին: