Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի` «Կայարանցի Թեւոսիկի» սպանված եղբոր` Արթուր Սաֆարյանի հարեւանուհին դեպքի օրը՝ 24։00-ին, կրակոցների ձայներ է լսել, մինչեւ դուրս է եկել շքամուտք, սպանվածի դին արդեն տարած են եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց գործով վկա Կլարա Հայրապետյանը։
«Ես բան չեմ տեսել, մեր պատուհանները այդ կողմը չեն նայում։ Արդեն պատրաստվում էի քնել, երբ կրակոցների ձայներ լսեցի, հետո գոռոցներ, ճչոցներ։ Էլ բակ չիջա, արդեն տարել էին, շուտ տարան։ Միայն իմացա, որ Արթուրի վրա են կրակել, թե ով, պարզ չէ»,-ասաց վկան՝ հավելելով, որ սպանության օրը իրենց շենքում կասկածելի մարդկանց չի տեսել։
Դատարանում հարցաքննվեց նաեւ գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի կողմից սպանության պատվերը կատարած, ապա սպանված Մովսես Ներսիսյանի ծանոթը, որը վերջինի հետ, իր պնդմամբ, բացառապաս գործնական հարաբերություններ է ունեցել՝ «շշի գործ են արել»։
Դատարանի այն հարցին, թե տեղյակ է՝ Մովսես Ներսիսյանը ուրիշ ինչ աշխատանքներ է կատարել, վկա Արտաշես Սարուխանյանն ասաց, որ տեղյակ չէ, իսկ դեպքի մասին լրատվամիջոցներից է իմացել։
Նշենք, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը դատարանում բազմիցս հայտարարել է, որ 87 վկաները գործի մանրամասներին չեն տիրապետում, եւ նրանց հարցաքննելը ժամանակի կորուստ է, փոխարենը՝ ինքն է «ուրիշի տեղն անիմաստ նստում, քանի որ Արթուրի սպանությունն ինքը չի պատվիրել, ինքը մեղավոր չէ, Արթուրն իր ընկերն էր, ինքը նրա նկատմամբ նման քայլի չէր դիմի»։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին, որն ավելի ուշ ազատ է արձակվել: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 2–րդ մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:





























