Գյումրիի բնակիչ 29-ամյա Արթուր Մարտիրոսյանը խնջույքի ժամանակ վիճաբանության մեջ է մտել իրեն «Արթուրիկ» անվանած Արտյոմ Ադանալյանի հետ, ապա իր մոտ ունեցած դանակի բազմակի հարվածներով սպանել է վերջինին:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2014թ. հոկտեմբերի 29-ին, ժ.17.00-ի սահմաններում Գյումրիում Արտյոմ Ադանալյանը կենացները ձգձգելու համար դիտողություն է անում հորը` Ավետիք Ադանալյանին, ինչին միջամտում է Արթուր Մարտիրոսյանը` Արտյոմ Ադանալյանին «Արտյոմիկ» անվամբ դիմելով, իսկ Արտյոմ Ադանալյանը դրանից  վիրավորվելով նույն կերպ է պատասխանում  Արթուր Մարտիրոսյանին` «Արթուրիկ» անվանելով, ինչի պատճառով նրանց միջև վիճաբանություն է առաջանում:

Ավետիք Ադանալյանը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից խոհանոց է տանում, սակայն Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանը միմյանց տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը գլխով մեկ անգամ հարվածում  է Ավետիք Ադանալյանի դեմքին,  վերջիննն ընկնում է գետին, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը իր մոտ ունեցած դանակով հարվածում է նրա որդու` Արտյոմ Ադանալյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից  Արտյոմ Ադանալյանը մահանում է։

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կատարվածի առնչությամբ։ Արթուր Մարտիրոսյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով. սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:

Գործը քննում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը։