ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը  վստահեցնում է, որ  սահմանադրական փոփոխությունները  բոլոր առումներով լավ են: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե որոնք են այդ փոփոխության դրական կողմերը:

«Ես «այո»-ի կողմնակից եմ, ինչ որ կա գրված, ամեն ինչով լավ է, դա ներկայացվում է ընտրողներին ու վերջ»,-ասել է Արսենյանը:

Հարցին, թե եթե այդքան կարեւորվող փոփոխությունը տեղի  չունենա, ի՞նչն է վատ բան   կլինի, ասաց, «Առանձնապես եսիմ ինչ մեծ բան չէր լինելու, բայց փոխվելուց շատ լավ բաներ ա լինելու»:  Ամեն դեպքում, Արսենյանը ոչ  դրական, ոչ էլ բացասական օրինակ   չնշեց:

Դիտարկմանը, թե տնտեսության ոլորտում որեւէ բան փոխվելո՞ւ է, գործարար պատգամավորը նախ  ուղղեց, թե ինքը բիզնեսով չի զբաղվում, ապա հավելեց, որ ներկա վիճակն էլ իր վրա վատ չի ազդել:

Հարցին, թե ծաղկո՞ւմ է իր բիզնեսը, պատասխանեց. «Չի ծաղկում, բայց չի էլ ազդել, միայն արտահանման հետ կապված խնդիրներ կան,  բայց տեղական շուկան ոնց կա, էդպես մնացել է»:

Անդրադառնալով 2016-ի  տնտեսական վիճակի վերաբերյալ վարչապետի մռայլ կանխատեսումներին` ասաց. «Եղած իրավիճակը պիտի պահպանվի, աճ չսպասել, ես չեմ կարծում, որ որեւէ մեծ փոփոխություն պիտի լինի, կամաց-կամաց կրիզիսը պետք է հաղթահարվի»:

Հայաստանում ներդրումների անբարենպաստ  միջավայրի մասին  գործարարների  դժգոհություններին Արսենյանը արձագանքեց զարմանքով. «Ինչ-որ մեկը կա՞, որ կարող է բարձրաձայնել` ինչով է անբարենպաստ ներդրումների միջավայրը: Ես 25 տարվա գործարար եմ, չեմ տեսել, որ որեւէ մեկը մեկ անգամ խոչընդոտի կամ որեւէ բան ասի»:

Հակադարձմանը, թե մի գուցե ինքը իշխանության հովանավորությունն է վայելում, քանի որ պատգամավոր է, ՀՀԿ-ի ներկայացուցիչ, պատասխանեց. «Ես հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ, շփվել եմ մյուս բիզնեսմենների հետ, որեւէ մեկը գոնե իմ մոտ կասեր, չէ՞, գիտեք ինչ, խանգարում են: Վերջին 10-15 տարում ես նման բան չեմ լսել որեւէ մեկից, որ իր բիզնեսին խանգարում են»:

Պատգամավորի համար անհասկանալի էր հարցը, որ իշխանությանը  մոտ գտնվող, իշխանության ներկայացուցիչների բիզնես գործունեությունը ծաղկում է, կամ գոնե չի փակվում, իսկ  հովանավորչությունից զրկված գործարարների շրջանում իրավիճակը գնալով վատթարանում է:

«Ես չեմ հասկանում` իշխանության հովանավորությունը որ մեկն է, կամ չհովանավորությունը: Չեմ տիրապետում նման հարցերի, ինձ համար անակնկալ են այս հարցերը: Բիզնեսը հավասար է շուկայում, նամանավանդ 2008 թվականից հետո  բոլորը հավասար դաշտում, հավասար հարկատու են»,-հայտարարեց Արսենյանը:

Գայանե Սարիբեկյան