Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2015թ. փետրվարի 5-ին դանակի 40-ից ավելի հարվածներից մահացած 51-ամյա Անահիտ Զաքեւոսյանի սպանությունը դեպքից մոտ 10 ամիս անց դեռ բացահայտված չէ, կասկածյալ չկա։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ի հարցմանը պատասխանեցին, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը,  իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` սպանությունը բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել փետրվարի 5-ի երեկոյան, ժամը 21:00-ի սահմանում: Կինը տան հարեւանությամբ գտնվող իրենց խանութից գնացել էր տուն՝ ֆիլմ դիտելու, ինչից մեկ ժամ անց ամուսինը մտել էր տուն եւ կնոջը սպանված գտել:

Անահիտ Զաքեւոսյանի տան մոտակայքում արյան նաեւ հետքեր են եղել, որոնք ուղարկվել են փորձաքննության: Կնոջը սպանել են դանակի 44 հարվածով: